Իսրայելի նախագահը Հռոմի նոր պապին հրավիրել է Սուրբ երկիր

15:47 • 14.03.13

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շնորհավորել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին՝ Հռոմի պապ ընտրվելու առիթով, և հրավիրել այցելել Սուրբ երկիր, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

«Նա ցանկալի հյուր կլինի Սուրբ երկրում, ով կարող է իր նպաստը բերել ալեկոծվող տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձերին»,- ասել է Պերեսը: Նա նաև նկատել է, որ վերջին 2000 տարվա ընթացքում հրեա ժողովրդի և Վատիկանի հարաբերություններն ամենալավ վիճակում են գտնվում:

 

Լեհաստանում կաթոլիկ առաջնորդների հետ հանդիպմանը Պերեսն ասել էր, որ «նորընտիր պապը մարմնավորում է նվիրվածությունը, սերն առ Աստված, սերն առ աշխարհ, սրբազան համեստությունը և նոր աշխարհամասը, որը ներկայում զարթոնք է ապրում»:

 

Պերեսն ընդգծել է, թե հիմա առավել քան երբևէ պետք է հոգևորի, և ոչ միայն քաղաքականի առաջնորդությունը: «Այնտեղ, որտեղ քաղաքական գործիչները կարող են պառակտել, հոգևոր առաջնորդները կարող են միավորել», - ասել է իսրայելցի պաշտոնյան: