Սիրիացի ընդդիմադիրներին տրամադրած ԱՄՆ-ի օգնության ծավալը հասել է 500 մլն դոլարի. Ֆրանսիան ցանկանում է զինել ընդդիմությանը

10:43 • 14.03.13

Միացյալ Նահանգները սիրիական ընդդիմությանը հավելյալ 54 մլն դոլար օգնություն կտրամադրի, ինչից հետո տրամադրված ընդհանուր գումարի չափը կհասնի 500 մլն դոլարի։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում հայտարարել է Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը։

 

«Մենք պետք է ապահովենք կայունությունը Մերձավոր Արևելքի սրտում և դնենք Սիրիայում ազատության հիմքերը՝ պահպանելով ազգային միասնությունը։ Ընդդիմադիր խմբավորումներին օգնություն կտրամադրվի, որպեսզի նրանք տարբեր ժողովուրդների ներկայացնող ցանց ստեղծեն»,-ասել է Ֆորդը։

 

Դեսպանի խոսքով՝ այդ գումարներով կգնվեն կապի սարքավորումներ և այլ իրեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության դեղորայք։

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ֆրանսիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են սիրիացի ընդդիմադիրներին զենք տրամադրելու անհրաժեշտության մասին։
 

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախօրեին հայտարարել է Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն վերացնելու համար ջանքեր գործադրելու մասին։
 

«Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան մտածում է առաջ գնալու և էմբարգոն վերացնելու մասին»,-ասել է Ֆաբիուսը։