«Սպայկայի» 15 մեքենա ձյան փլուզման պատճառով արգելափակվել է Կազբեկ-Լարս ավտոճանապարհին
Բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերության 15 մեքենա ձյան փլուզման հետևանքով արգելափակվել է Կազբեկ-Լարս ավտոճանապարհին, այս մասին Tert.am–ին ասաց ընկերության ներկայացուցիչ Դավիթ Խանդալյանը:
Բեռնափոխադրումների «Սաթի», «Ապավեն» և «Յունիտրանս» ընկերությունների ներկայացուցիչներ Մակար Առաքելյանը, Սամվել Թադևոսյանը հայտնեցին, որ իրենք Վերին Լարսով բեռնափոխադրումներ չեն իրականացնում:
Իսկ «Յունիտրանսի» աշխատակցուհին, նշելով, որ հիմնականում եվրոպական ուղղությամբ են իրականացնում բեռնափոխադրումները, ասաց, որ այս պահին Լարսում մեքենաներ չունեն:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Կազբեկ-Լարս ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված են եղել ավտոճանապարհին հարակից բնակավայրերում բնակարաններ վարձել անորոշ ժամանակով:
Հիշեցնենք, որ ողջ ձմռան ընթացքում հայկական բեռնափոխադրողները պարբերաբար ենթարկվում էին արգելափակումների՝ եղանակային պայմանների պատճառով: Անցած տարվա դեկտեմբերի կեսերին արգելափակումը տևեց մոտ մեկ շաբաթ՝ Վերին Լարսի մոտակա Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում:
Tert.am-ի հետ զրույցում «Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը այն ժամանակ իրավիճակի համար մեղադրում էր միմիայն առաքող ընկերություններին:
«Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ առաջին իսկ ձյան տեղումից հետո, ճանապարհը փակ է լինելու: Եթե ճանապարհը հայտարարված է փակ, որևէ մեկը պարտավոր չէ դա սպասարկել: Եվ եթե փակ է, և բոլորը գիտեն այդ մասին, ինչո՞ւ են գնում»,- ասել էր «Ապավեն» ընկերության տնօրենը՝ նշելով, որ աշխատում է մեր հայկական մենթալիտետը, երբ չնայած նախազգուշացումներին, մարդիկ գերադասում են գնալ վտանգավոր և ռիսկային ճանապարհով:
Նա նշել էր, որ խորհրդային տարիներին, անկախ նրանից, ձյուն տեղացել էր, թե ոչ, նոյեմբերի 15-ից մինչև ապրիլի մեկը այդ ճանապարհը փակ էր լինում քարշակով մեքենաների համար: Գագիկ Աղաջանյանը նաև բոլորին կոչ էր արել գնալ մի փոքր ավելի երկար ճանապարհով, ծախսել մի քիչ ավելի շատ, բայց գնալ երաշխավորված ու անվտանգ ճանապարհով:










