Պենտագոնը կանխարգելիչ կիբերհարձակումներ կիրականացնի

21:00 • 14.03.13

Պենտագոնը ծրագրում է կիրառել հնարավոր կանխարգելիչ կիբերհարձակումներ՝ ի պաշտպանություն ամերիկյան ռազմավարական հետաքրքրությունների, գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Le Temps-ին:


Կար ժամանակ, երբ Ալ-Կաիդան համարվում էր ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների թիրախը, սակայն այժմ վտանգները փոխվել են: Երեքշաբթի օրը՝ Կոնգրեսի առաջ ելույթ ունենալիս, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպպերը կիբերհարձակումներն առավել վտանգավոր է անվանել, քան իսլամական ահաբեկչությունը: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սենատորների հետ քննարկել էր կիբերանվտանգության վերաբերյալ խնդիրները: Չորեքշաբթի օրը նա խորհրդակցություն էր հրավիրել Սպիտակ տանը: Վերջին հարցազրույցներից մեկում ԱՄՆ նախագահը զգուշացրել էր Չինաստանին, որովհետև կան կասկածներ, որ Ամերիկայի վրա կատարած կիբեր հարձակումների ետևում կանգնած է Չինաստանը:


3 տարի առաջ ստեղծված կիբերհրամանատարությունը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Պենտագոնը կստեղծի 40 խումբ, որոնք կնախապատրաստեն նախազգուշական կիբերհարձակումներ՝ ամերիկյան ստրատեգիական հետաքրքրությունները պաշտպանելու համար: Վերջին 6 ամիսների ընթացքում Ուոլ-Սթրիթի վրա կատարվել է 160-ից ավել հարձակում: Վաշինգտոնում կիբերհարձակումների զոհ են դարձել դաշնային գործակալությունները, լոբբիստական խմբերը և Կոնգրեսը: Այս ճակատագրից չեն խուսափել նաև The Washington Post և The New York Times հրատարակչությունները: Հաքերների հարձակմանն են ենթարկվել նաև մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում էին նավթի և գազի արդյունաբերությամբ: Ըստ մասնագետների, այս հարձակումները իրականացվել են Չինաստանի տարածքից՝ արդյունաբերական գաղտնիքներ կորզելու նպատակով:


Ամերիկյան հատուկ ծառայությունները զգուշանում են, որ կիբերահաբեկիչները կարող են վերահսկողություն սահմանել մարդատար և քիմիական նյութեր տեղափոխող գնացքների, էլեկտրա և ջրամատակարարման օբյեկտների վրա, որպեսզի ոչնչացնեն կամ թունավորեն դրանք:


Իսկ ինչ վերաբերվում է կանխարգելիչ կիբերհարձակումներին, ապա ամերիկյան ղեկավարությունը նշում է, որ նման քայլի գնալուց առաջ կկատարվեն համապատասխան դիվանագիտական քայլեր: