Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները երկրի պետնախարարի հետ քննարկել են վրացահայերի խնդիրները
«Վրաստանի հայ համայնքի» ներկայացուցիչները հանդիպել են երկրի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ, տեղեկացնում է Грузия online-ը։
Հանդիպման ընթացքում վրացահայերը ներկայացրել են հայ համայնքի ունեցած խնդիրները, կողմերը քննարկել են դրանց լուծման ճանապարհներն ու առկա բարդությունները։
Քննարկված հարցերի թվում եղել է Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների ներկայացվածությունը շրջանների տեղական կառավարման, շրջանային և կենտրոնական կառավարման մարմիններում։
Անդրադարձ է արվել նաև ազգային փոքրամասնությունների լեզվի խնդրին, եվրոպական խարտիայի վավերացմանը տարածաշրջանային լեզուների և ազգային փոքրամասնությունների լեզուների հարցով, ինչպես նաև կրթության համակարգում առկա խնդիրներին։
Վրացահայերի ներկայացուցիչները ողջունել են Վրաստանի դիրքորոշումն ու մոտեցումները վերաինտեգրման և այլ հարցերում։










