Մոսկովյան ռեստորանում հրաձգություն կազմակերպած 16 մարդ է ձերբակալվել. տուժածը հայ է
Մոսկվայի ոստիկանությունը մասշտաբային գործողություն է սկսել «Օլիվա» ռեստորանում փետրվարի սկզբին տեղի ունեցած հրաձգության մասնակիցներին ձերբակալելու ուղղությամբ, տեղեկացնում է Life News-ը։
Գիշերը Մոսկվայում ձերբակալվել է հրաձգությունն իրականացրած 16 մարդ։
«Ոստիկանները խիստ գաղտնի են պահել գործողության իրականացման ժամկետները, որպեսզի հրաձգության մասնակիցները չհասցնեին միմյանց զգուշացնել ձերբակալության մասին»,- հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Առավոտյան հաջողվել է ձերբակալել ենթադրյալ 40 մասնակիցներից 16-ին։
Երկու խմբերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել փետրվարի 11-ի գիշերը։ Չնայած երկու կողմերը միմյանց վրա տասնյակ փամփուշտներ էին արձակել, տուժել էր միայն ռեստորանի այցելուներից մեկը՝ 38-ամյա Արթուր Հաքումյանը, ով վիրավորվել էր ոտքից։
«Ես նստած էի ռեստորանում և աղջկա էի սպասում, երբ սկսեցին կրակել։ Ես վազեցի ու հասա մինչև աստիճանները, սակայն այդ պահին վիրավորվեցի»,-պատմել է Արթուրը։
Տուժածի խոսքով՝ ինքը չի հասցրել տեսնել կրակողներին և չի ճանաչում նրանց։
Ռեստորանի անձնակազմը ոչ միայն չի կարողացել ինքնուրույն չեզոքացնել զինված անձանց, այլև ժամանակին ոստիկանություն չի կանչել, ինչի հետևանքով էլ ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 1 ամիս են վատնել կասկածյալներին հայտնաբերելու համար։










