ԿԳՆ-ն հանրային քննարկման է դնում 2013-2014 թթ-ի հակակոռուպցիոն միջոցառումների համալիր ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թթ-ի միջոցառումների համալիր ծրագիրը», որն այսօրվանից կդրվի հանրային քննարկման։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արմեն Աշոտյանը, ում խոսքով՝ հանրային քննարկումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը:
Հակակոռուպցիոն ծրագիրը ներկայացնելով նախարարը նշեց, որ սա շարունակությունն է նախորդ երկու տարիների իրականացված ծրագրի: Միջոցների հասցեականություն, մրցույթների իրականացում, շարունակական հետևողականություն և այլ միջոցներով նախարարությունը կփորձի կրճատել կոռուպցիոն ռիսկերը:
«Մենք պետք է պայքարենք գյուղական յուրաքանչյուր դպրոցի գոյության համար»,-կետերից մեկը ներկայացնելով հայտարարեց նախարարը և ասաց, որ կարևոր են համարում ուսումնարանների, գյուղական դպրոցների արդիականացումը:
Նախարարը նշեց, որ 9-րդ դասարանից հետո այն աշակերտները, ովքեր չեն ուզում գնալ ավագ դպրոց, ապա պետք է որևէ արհեստ ընտրեն։ «Այսինքն՝ ժողովրդական լեզվով ասած` երեխան պետք է ինչ-որ մի արհեստի տեր լինի՝ վարսավիր լինի կամ խոհարար»,- ասաց նա:










