Ուգո Չավեսի դուստրը հերքում է ընդդիմության առաջնորդի հայտարարությունը. Չավեսը մահացել է մարտի 5-ին
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի դուստրը՝ Մարիա Գաբրիելան, հայտարարել է, որ չնայած ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի պնդումներին, իր հայրը մահացել է մարտի 5-ին, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Այդ հայտարարությունը եթեր է հեռարձակվել երեկոյան՝ ազգային հեռուստաընկերությամբ, որն ընդհատել է եթերը։
Կիրակի օրը Կապրիլեսը հայտարարել էր, որ կմասնակցի ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին և քննադատել էր իշխանություններին այն բանի համար, որ նրանք Ուգո Չավեսի մահն օգտագործում են նախընտրական նպատակներով։
Նա պնդել էր, որ իշխանությունը ստել է նախագահի առողջական վիճակի վերաբերյալ։ «Ո՞վ գիտի, թե իրականում երբ է մահացել Չավեսը։ Իշխանությունները փորձել են ժամանակ շահել, որպեսզի ժամանակավորապես նախագահի պարտականությունները կատարող Նիկոլաս Մադուրոն հասցնի պատրաստվել ընտրություններին»,-ասել էր Կապրիլեսը։










