Լիբանանում սիրիացի փախստականների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Լիբանանում՝ Դամասկոսից Բեյրութ ճանապարհին, սիրիացի փախստականների տեղափոխող ավտոբուս է շրջվել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ավտովթարի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել 30 մարդ։
Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերության տվյալներով՝ ավտոբուսը բախվել է արգելապատնեշին ու շրջվել։ Տուժողների մեծ մասը, որոնց թվում կան կանայք և երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց։
Երկու տարվա ընթացքում Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 1 մլն մարդ փախստական է դարձել։
Ամեն օր, փորձելով փրկվել պատերազմից, մոտ 8000 մարդ լքում է երկիրն ու ապաստան փնտրում Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում։










