Լոս Անջելեսում 51-ամյա հայը 2005թ. սպանության համար դատարանի առջև կկանգնի. նրա փոխարեն 8 ամիս բանտում է անցկացրել մեկ այլ հայ

10:25 • 15.03.13

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում 51-ամյա հայը դատարանի առջև կկանգնի 20-ամյա մի երտասարդի սպանության համար:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, Լոս Անջելեսի շրջանային դատարանն այս շաբաթ Վրեժ Զադուրյանին մեղավոր է ճանաչել՝ ութ տարի առաջ Գլենդեյլ քաղաքի բնակիչ Քրիստոֆեր Շահնազարիի տան վրա ավազակային հարձակում կատարելու ու նրան սպանելու համար:

 

Դեպքը տեղի էր ունեցել 2005թ. նոյեմբերին. երեք  կողոպտիչներ կեսօրից հետո ներխուժել էին Շահնազարիի տուն, ծեծել նրա մորը, կապկպել աչքերն ու ձեռքերն ու սպասել «տան տղամարդկանց վերադարձին»: Շահնազարին քիչ անց տուն էր եկել. հանցագործները գումար էին պահանջել: Երիտասարդը փորձել էր հասկացնել, որ գումար չունեն. չարագործները, սակայն, ծեծել էին նրան, իսկ Զադուրյանը հրազենից երկու անգամ կրակել էր նրա վրա. Շահնազարին  տեղում մահացել էր:

 


Դեպքի հաջորդ օրը փաստի առնչությամբ ոստիկանները ձերբակալել էին ազգությամբ հայ Էդմոնդ Օվասափյանին. սպանված Շահնազարիի մայրը ոստիկանական բաժանմունքում ճանաչման  ժամանակ հենց նրան էր նմանեցրել որդուն սպանողին:

 

Օվասափյանը, որ աշխատում էր  Շահնազարիի ընտանիքին պատկանող վարսավիրանոցում, մեղքը չէր ընդունել: Փաստաբանը ներկայացրել էր Օվասափյանի այլուրեքությունը (ալիբի), իրապահաներն, այդուհանդերձ, կալանավորել ու բանտ էին ուղարկել Օվասափյանին:

 

Հետաքննությունը շարունակվել էր՝ ավազակային հարձակման մյուս մասնակիցներին գտնելու համար: Քննչական գործողությունների ժամանակ իրավապահները ԴՆԹ վերլուծության (սպանության վայրից վերցված նմուշների, այդ թվում՝ ծխախոտի մնացորդների), ինչպես նաև Օվասափյանի հեռախոսազանգերի վերծանման արդյունքում պարզել էին, որ Օվասափյանը մեղավոր չէ. նա սպանության ժամին իր եղբոր հետ էր եղել: Օվասափյանը 2009թ. ազատ էր արձակվել և ոստիկանության դեմ  հայց ներկայացրել դատարան՝  իրեն 8 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար:

 

Դատարանը հայցը  բավարարել էր. ոստիկանությունը 1 միլիոն 300 հազ. դոլար փոխհատուցում էր վճարել Օվասափյանին: Իսկ Զադուրյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել (հաղորդվում է, որ այդ ժամանակ՝ 2009թ., Զադուրյանն արդեն բանտում է եղել մեկ այլ հանցանքի համար, թե կոնկրետ ինչ, չի նշվում-Tert.am):

 

Ավազակային հարձակման մյուս մասնակիցներն առայժմ  չեն հայտնաբերվել: Իսկ Զադուրյանի դատավճիռը կհրապարկվի 2013թ. մայիսի 1-ին: