Վիլֆրիդ Մարտենսը շատ զարմացած է Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությունից

11:05 • 15.03.13

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շատ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները՝ շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ, այս մասին երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԺԿ-ի նախագահը:

«Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»,- ասել է ԵԺԿ-ի նախագահը։


Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը բաց նամակ էր հղել ԵԺԿ ղեկավարին՝ ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության և բազմակի քվեարկությունների միջոցով»։ Նամակում նաև նշվել էր, որ «Ժառանգություն» կհրաժարվի ԵԺԿ-ի անդամակցությունից, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։


«Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը», - Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վիլֆրիդ Մարտենսը։


Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է մոտ 59 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մոտ 37 տոկոս։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են և մարտի 10-ից հացադուլ է սկսել՝ պահանջելով  Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։