Amnesty International-ին արգելել են բողոքի ցույց անցկացնել Մոսկվայում
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչությանն արգելել են բողոքի ցույց անցկացնել Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Amnesty International Ռուսաստանի տնօրեն Սերգեյ Նիկիտինի հայտարարությունը:
Բողոքի ցույցի նպատակն է եղել հանդես գալ Բելառուսում մահապատիժը վերացնելու օգտին: Սակայն Մոսկվայի իշխանությունները AI-ին ասել են, որ կարող են այդ միջոցառումն անցկացնել մեկ այլ վայրում:
Amnesty International-ը դա գնահատել է որպես հավաքների ազատության իրավունքի խախտում, քանի որ այդ դեպքում իրենք չեն կարողանա դիմել հասցեատիրոջը:
2012-ի մարտի 15-ին Բելառուսում մահապատժի էին ենթարկել 2 մարդու, որոնք մեղադրվում էին Մինսկի մետրոյի ահաբեկչության համար: Հենց ի նշանավորումն այդ ամսաթվի էլ պատրաստվում էր պիկետը: Այս օրերին Ռուսաստանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










