Զանգվածային լրատվություն. պատկերների մենամարտ, պատերազմ ուղեղների համար. Tagesspiegel

08:28 • 15.03.13

Ինչպես հայտնի է, աշխարհի պատկերը ԶԼՄ-ներն են ստեղծում: Դրանք տարածում են արժեքներ, ազդում մարդկանց մտապատկերի վրա և իդեալոգիաներ կործանում: Այդ իսկ պատճառով՝ դրանց վերահսկողությունը ցանկացած բռնապետի երազանքն է: Սակայն ազատ մամուլը, ինչպես գրում է Tagesspiegel պարբերականի խմբագիր Մալտե Լեմինգը, քարոզչություն չի հանդուրժում:


Նրանք, գրում է հոդվածագիրը, ովքեր մոռանում են այս ամենը, պարզապես չեն կարող հասկանալ, թե ինչու է «RT (նախկինում` Russia Today) ռուսական միջազգային հեռուստաընկերության համաշխարհային հաջողությունն այդքան կարևոր քաղաքական նշանակություն ունեցող երևույթ համարվում»:


«RT-ն այսօր ռուսական արտաքին քաղաքականության ամենազգալի և էֆեկտիվ գործիքն է Газпром էներգետիկ գիգանտի և զենքի առևտրի հետ միասին», - գրում է Լեմինգը:


Մոսկվան ցանկանում էր CNN-ին և BBC-ին հակակշիռ պետական լրատվամիջոց ստեղծել: Եվ դա ստացվեց, - նշում է հեղինակը, - ներկայում RT-ի լսարանը 630 մլն մարդ է աշխարհի ավելի քան 100 երկրներում:


RT-ն ավելի քան 2000 թղթակիցներ ունի, որոնք ողջ աշխարհից շուրջօրյա լրատվություն են ապահովում և հեռարձակվում է անգլերենով, իսպաներենով և արաբերենով:


Այսպես, Մեծ Բրիտանիայում ամենաժողովրդական օտարերկրյա անգլիալեզու լրատվական ալիքները Al Jazeera-ն և RT-ն են, որոնք 2 մլն լսարան ունեն, ԱՄՆ-ում RT-ն երկրորդ տեղում է՝ BBC-ից հետո: Իսկ Youtube-ում այդ ռուսական լրատվամիջոցը դիտումների քանակով լուրերի մեջ առաջին տեղն է զբաղեցնում:


Ըստ հոդվածագրի՝ այս ամենը կիրառության մեջ այսպես է գործում. «Դիտարկենք, օրինակ, մարտի 7-ի RT-ի հաղորդումները, - գրում է հեղինակը: - Այն ժամանակ, երբ CNN-ն ու BBC-ն պատմում են, առաջին հերթին, Հյուսիսային Կորեայի մասին և այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելն են լուսաբանում, ռուսական հեռուստաալիքը, իր հերթին, լայնորեն հաղորդում է սիրիացի ապստամբների կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների գերեվարման մասին: Իսկ դրանք, RT-ի փոխանցմամբ, ֆինանսավորվում են Արևմուտքից»:


Եվ դա իրականացնում են, որ ապակայունացնեն Բաշար Ասադի վարչակարգը, նշում է հեղինակը և հավելում. «Ամեն դեպքում RT-ն Ասադին ամենից առաջ որպես զոհ է ներկայացնում, այլ ոչ չարագործ: Իսկ նրա դեմ ապստամբածներին՝ որպես ԿՀՎ-ի, ՄԻ-6-ի և իսրայելական «Մոսսադի» համատեղ նախագիծ»:


Ի դեպ, անմիջապես ՄԱԿ-ի խաղաղապահների գերեվարումից հետո, RT-ն ցույց է տվել նյութեր Պակիստանի դժգոհող ժողովրդի մասին, որոնք բողոքում են ամերիկյան անօդաչուների դեմ և ևս մեկ նյութ այն մասին, թե որքան վատ են իսրայելական զինվորները վերաբերվում երեխաների հետ:


Այս ամենը, Լեմինգի կարծիքով, «ամբողջովին համապատասխանում է ռուսական կողմի պաշտոնական տեսակետին», այն է՝ «Արևմուտքը կոռումպացված է և երկերեսանի, դրա արժեքների ժամանակաշրջանն անցել է և այն այլևս իրավունք չունի որևէ մեկին բարոյականություն քարոզել»:


Ի դեպ, RT -ի ևս մեկ հերոս` ամերիկյան զինծառայող Բրեդլի Մեննինգն է, «ով սնում էր Wikileaks-ը»: RT-ն, ինչպես նշում է պարբերականը, նրան «քաղբանտարկյալի» կարգավիճակի է հասցրել:


Ինչպես գրել է իր Twitter-ում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը. «Եթե ամերիկյան ԶԼՄ-ներն իրենց Մեննինգին լուսաբանեին 10%-ով, այն լուսաբանման համեմատ, որը նրանք տրամադրում էին «Pussy Riot»-ին, ես կհավատամ, որ ժողովրդավարական են»:


«Միջազգային գլոբալ մեդիադաշտում սկսվել է մարդկանց ուղեղների համար պայքարը, - զգուշացնում է հեղինակը, - և այստեղ RT-ի հաջողությունը կարող է կրկնապատկվել»:


Այսկերպ արևմտյան ժողովրդավարությունները մեծ դժվարություններ կունենան, եթե չինական Central Television-ը, ռուսական ընկերության օրինակով նույնքան լայնածավալ ֆինանսավորում ստանա, սկսի մի քանի լեզուներով լուսաբանել և ամբողջ աշխարհում աշխատանք ծավալել, գրում է Tagesspiegel խմբագիր Լեմինգը: