Սերժ Սարգսյանը պետք է իր «կոմպլեքսները» թողնի մի կողմ և գա Ազատության հրապարակ. Սմբատ Այվազյան

12:50 • 15.03.13

«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլի նստելը ծայրահեղ քայլ է, քանի որ, մինչ այդ դեռ այլ ճանապարհներ կարելի էր գտնել: Միաժամանակ, ըստ նրա, Սերժ Սարգսյանը նման իրավիճակում պետք է իր «կոմպլեքսները» թողնի մի կողմ և գա Ազատության հրապարակ և ժողովրդին վերադարձնի իշխանությունը։


«Ես անձամբ ասել եմ, որ չարժեր (հացադուլի –Tert.am) նստել, դա ծայրահեղ քայլ է, և դեռևս մենք այլ քայլեր ունեինք, որ կարելի էր անել, բայց մարդն իր որոշումը կայացրել է և ես հարգում եմ այդ որոշումը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորն է գնահատում երկրում ստեղծված իրավիճակը և գտնում է, որ ծայրահեղ քայլեր են պետք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ չընդունելով հանդերձ աջակցում և սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին:


Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի է նստել մարտի 10-ից և պահանջում է, որպեսզի Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ տա։
 

Սմբատ Այվազյանի գնահատմամբ՝ մինչև հացադուլ նստելը Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ճիշտ էր սկսել իր քայլերը՝ մարզեր այցելելով: «Նա պետք է շատ վայրեր այցելեր և այնուհետև մի օր նշանակեր Ազատության հրապարակում հավաքվելու համար»,- ասաց նա:


Իր նախկին կուսակից Արամ Սարգսյանի՝ ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու առաջարկը նա շատ տեղին է համարում: «Ես գտնում եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է վայր դնեն իրենց մանդատները: Մի քանի օր առաջ լսեցի, որ ԲՀԿ-ն իրեն համարում է ընդդիմադիր, մինչ այդ այլընտրանք էին, հիմա արդեն այդ չորս ուժերը՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ-ն պարտավոր են մանդատները վայր դնել: Դա մեր երկրում հարցեր կլուծի»,- ասաց նա և մատնանշեց, թե ինչ տարբերակներ կարող են դրան հետևել:


«Այդ քայլը երկու զարգացում կապահովի, մի դեպքում համոզված եմ, որ ժողովուրդը բոլորը գալու են հավաքվեն Ազատության հրապարակում և իրենք որոշեն զարգացման ընթացքը, և հաջորդը՝ իշխանությունը, վերջապես, կստիպի հասկանալ, գալ նստել մի կլոր սեղանի շուրջ և քննարկել՝ որ ուղղությամբ պետք է ընթանա»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե նույն ընդդիմությունը նույնիսկ ավագանու ընտրությունների հարցում չկարողացավ միասնական դիրքորոշում ցուցաբերել, Սմբատ Այվազյանն ընդունեց և ավելացրեց, որ ընդդիմադիր ուժերը կրկին անգամ չընկալեցին հարցի լրջությունը:
 

«Չընկալեցին, որ սա կուսակցական պայքար չի,սա քաղաքացիների պայքար է և այս շարժումը, որ ստեղծվել էր ժողովուրդն էր ստեղծել, որովհետև փետրվարի 17-ին ոչ ոք չգիտեր, որ ժողովուրդը համախմբվելու է, միասնականալու է և մերժելու այս իշխանություններին: Ինչո՞ւ Րաֆֆիին տվեցին իրենց ձայները, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ այն ճանապարհը, որ իրենք գնում են տաճար չի տանում ու դա հստակ էր»,- ասաց նա:


Հարցին, թե ինչ կարելի է սպասել ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, Սմբատ Այվազյանը պատասխանեց, որ մինչև ամսի 9-ը բավականին ժամանակ կա և իշխանությունները որից պետք է օգտվեն առաջնահերթ:


«Րաֆֆին իր գործն արել է, գնացել է նստավայր և այնտեղ հանդիպել Սերժ Սարգսյանին: Ես դրանից հետո կոչ եմ ուղղել Սերժ Սարգսյանին, որ ինքը պետք է սկսի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը: Հիմա արդեն Սերժ Սարգսյանը պետք է իր կոմպլեքսները թողնի մի կողմ գա հրապարակ, հրապարակային հանդիպի ու քննարկի, թե ինչպես պետք է շարունակվի: Եթե Րաֆֆի հետ չի ուզում հանդիպել, թող հանդիպի մի խումբ մարդկանց հետ և քննարկեն, թե ինչպես պետք է լինի»,-ասաց նա:


Նա վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի հրապարակ գալուն ժողովուրդը նորմալ կարձագանքի։ «Ես համոզված եմ, որ որևէ ոչ նորմալ երևույթ, ոչ նորմալ կոչ չի լինելու, երբ նա գա հանդիպման ժողովրդի հետ: Ես կարծում եմ՝ պարտավոր է, իսկ թե կգա կամ չի գա, դա արդեն իր խնդիրն է»,- ավելացրեց Սմբատ Այվազյանը։


Անդրադառնալով իշխանությունների արձագանքին, թե պահանջներ դնելով Րաֆֆի Հովհաննիսյանն իրավիճակը ռեալ չի գնահատում, Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Էական չի ինչքան ժողովուրդ կա, էականն այն է, թե ընտրության օրը մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Ժողովուրդը գնացել և մերժել է իրենց, դա հո գիտենք, ինչ էական է, թե ինչքան մարդ կա»,- ասաց նա: