Ասադի հետ երբեք բանակցային սեղանի շուրջ չենք նստի. «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչ
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության սիրիական թևի ղեկավար Ռիյադ աշ-Սուքֆան Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իրենք ոչ այժմ, ոչ էլ անցումային կառավարության ստեղծման դեպքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցային սեղանի շուրջ չեն նստի, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ երկու տարվա ընթացքում զոհվել է 70 հազար մարդ, ևս 25 հազարը գտնվում է անազատության մեջ։
«Կարճ և հստակ ասում եմ. ոչ միայն «Մուսուլման եղբայրները», այլև ընդդիմությունն առհասարակ, ռեժիմի հետ համագործակցության չի գնալու։ Ո՛չ ապագայի կառավարությունում, ո՛չ էլ այժմ ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունում Ասադի հետ բանակցային սեղանի շուրջ նստելը հնարավոր չէ»,-հայտարարել է նա։
«Մուսուլման եղբայրները» հայտարարել են, որ միջազգային հանրությունն իր պարտավորությունները չի կատարել և Սիրիայի ժողովրդին չի պաշտպանել։










