Տաքսու վարորդները բողոքում են օրենսդրական նոր նախաձեռնության դեմ (տեսանյութ)
Երևանի մի խումբ տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել և ասում էին, որ դեմ են տաքսի ծառայության մասին նոր օրենսդրական փոփոխություններին, ըստ որոնց՝ տաքսիների դեղին համարանիշները այլևս պարտադիր չեն լինի։
Եթե հիմա վարորդները դեղին համարանիշ ձեռք բերելու համար պետք է վճարեն 17000 դրամ, ապա օրենսդրական փոփոխությունից հետո պետք է վճարեն միայն նախատեսված հարկը, իսկ համարանիշի համար հավելյալ գումար չեն վճարի:
Վարորդները բողոքում են, քանի որ իրենք արդեն ձեռք են բերել համարանիշերը, օրենքով աշխատում են, իրենց աշխատանքի համար սոցվճար են վճարում և ունենում են աշխատանքային փորձ, իսկ հիմա միայն պետք է հարկ վճարեն և մեքենա վարեն:
«Էս եղանակով ստացվում ա, որ գրդոն ենք անում, վճարում ենք ու քշում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Նրանց մտահոգում է նաև այն, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տաքսի կարող է վարել յուրաքանչյուր մարդ, իսկ այդ դեպքում կմեծանա առաջարկը, ինչը կնվազեցնի նրանց եկամուտները։ Տաքսի ծառայություն մատուցողներից ոմանք իրենց մեքենաները ապառիկով են ձեռք բերել և մտահոգված են, որ խնդիրներ կունենան վարկերը փակելու հարցում։
Մի վարորդ էլ պարբերաբար պնդում էր, որ օրենսդրական այդ նախաձեռնության տակ մեկ այլ բան է թաքնված, որը շուտով կբացահայտվի: Մեկ այլ երրորդն էլ, մեղադրելով վարչապետին, ասում էր, որ վերջինս «գիշերը քնում է, երազ տեսնում և առավոտյան հրամաններ տալիս»:
Նշենք, որ օրենքի այդ փոփոխությամբ նախատեսվում է վարորդների ամենօրյա պարտադիր բուժզննում անցկացնել, ինչը ևս որոշ վարորդների համար բողոքելու առիթ է դարձել:
Բողոքի ակցիային ներկա «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ նախ պետք է նախկին կարգը պահպանել՝ բոլոր սպիտակ համարանիշերով տաքսիներին բերել օրենսդրական դաշտ, հետո նոր մտածել փոփոխությունների մասին:
«Այս մարդիկ ծախս են արել, համարներ են վերցրել, հիմա նորմալ աշխատում են, իսկ էս փոփոխությունից հետո ամեն ինչ խառնվում է իրար»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիներն էլ արդեն չեն տարբերի, թե որ մեքենան է օրենքով գործում, որը ոչ:










