Իշխանությունները պատրաստ են գնալ փոխզիջումների. Հովիկ Աբրահամյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութեր)

10:06 • 16.03.13

Երեկ ուշ երեկոյան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան ուղեկցել է իր բնորոշմամբ՝ «VIP սալոն», այսինքն իր վրան, որտեղ էլ նրանք շուրջ 20 րոպե զրուցել են։


Զրույցից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների ներկայությամբ շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր այցելության համար և տեղեկացրել, որ հանդիպման մանրամասների մասին կհայտնի երկուշաբթի կայանալիք ասուլիսին, իսկ մինչ այդ լրագրողներին «տվել է Հովիկ Աբրահամյանին»։


Հովիկ Աբրահամյանը խոսելով հանդիպման արդյունքների մասին, ասել է, որ հետաքրքրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ, այնուհետև քննարկվել են խնդիրներ՝ «այս բանավեճը լուծելու համար»։ ԱԺ նախագահն ասել է, որ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, և որ այդքանով հանդիպումը չի ավարտվել, և հետագայում էլի հանդիպումներ, հավանաբար, կլինեն։ «Ուղղակի, ես գտնում եմ, որ սա հարցի լուծում չի այս ձևաչափը, և ես ինքս մտահոգ եմ, որպեսզի այն խնդիրները և դժգոհությունները, որ կան Ազատության հրապարակում, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, պետք է լուծում տանք»,- ասել է Աբրահամյանը և ողջամիտ գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի այն քայլը, որ ժողովրդին չի տանում արյունահեղության։ «Մենք էլ ենք մտահոգված, և փորձելու ենք հարցերին գտնել լուծում»,- ասել է նա։


Հովիկ Աբրահամյանը ասել է, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե այդտեղ կգա Սերժ Սարգսյանը, թե ոչ։ ԱԺ նախագահն ասել է, որ լսել է Րաֆֆի Հովհաննիսյանի մտահոգությունները, և դրանք կփոխանցի Սերժ Սարգսյանին, միասին կխորհրդակցեն և ամեն ինչ կարվի, որպեսզի «հաշտ, համերաշխ այս խնդիրներին տրվի լուծում»։


Կոնկրետ առաջարկությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է. «Թող սպասի, ես կոնկրետ առաջարկություններ չունեմ, որովհետև առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի, մեր թիմի բոլորի... խորհրդակցելու եմ, անպայման խորհրդակցելու եմ»։


Գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների ողջամտությունը, Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի առաջարկը ոչ ողջամիտ է համարում։ Ազգային ժողովի արձակման և արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին էլ ասել է, որ «ձևը չի տեսնում» և, այնուամենայնիվ, այն ոչ ողջամիտ է համարել։


Հովիկ Աբրահամյանը ասել է, որ ամեն ինչ անելու են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լուծում գտնեն, որը կբխի ժողովրդի շահերից։ Նա նաև անընդունելի է համարել Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կլինի միայն իր դիակի վրայով՝ համարելով այն ոչ քաղաքական կատեգորիա և վերջնագիր։


ԱԺ նախագահը մինչև հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության չգալը պատճառաբանել է ՍԴ-ի որոշմանը սպասելու հանգամանքով։


Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իշխանությունները պատրաստ են գնալ փոխզիջումների, իսկ լրագրողներից մեկի հարցին, թե որն է ամենամեծ փոխզիջումը, ասել է՝ համբերությունը։

 




Լուսանկարը՝ Civilnet.am-ի
Տեսանյութերը՝ Civilnet.am-ի և Panorama.am-ի