Շատ նեղված եմ, որ անունս չկա էդ ստվերային մարմիններում. Գալուստ Սահակյան

12:10 • 16.03.13

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շատ «նեղված» է, որ վաղվանից Ազատության հրապարակում «Քաղաքացիական խորհրդի» միջոցով հաստատվելիք այլընտրանքային գործադիր, դատական և օրենսդիր մարմիններում իր անունը չկա: Tert.am-ի հետ զրույցում ասաց, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը։


Ի պատասխան ՝« առանց հումորի» պատասխանելու խնդրանքին, հանրապետական պատգամավորն ասաց. «Դա, ըստ էության, հումոր է, և բացի հումորից որևէ բան լինել չի կարող»:


Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առանձնացրեց մի քանի կարևոր գործնական խնդիրներ, որոնց լուծումներն անհրաժեշտ են իրական իշխանափոխության, և դրա բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Առաջարկն էր Ազատության հրապարակում քննարկումների շարք սկսել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ և թույլտվությամբ, Ազատության հրապարակում գումարել բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական , հասարակական գործիչները իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման վերաբերյալ: Ինչն էլ արժանացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հավանությանը:

 

Ինքը՝ Գալուստ Սահակյանը, չի համարում, որ երկրում առկա է ճգնաժամ, ուղղակի հումորի հետ միաժամանակ ցավ է ապրում: Ցավն այն է, որ իր խոսքով՝ հացադուլավոր ունենք, իսկ հումոր, որովհետև «պետությունը մանկական խաղ չէ»:


Հանրապետական պատգամավորը նշեց, թե նախագահի յուրաքանչյուր թեկնածու կարող է իր համար կառավարություն ստեղծել: Այս իրավիճակը նա նմանեցնում է «Անորսալի վրիժառուները» ֆիլմի այն դրվագին, երբ Ֆրանսիայում, ռեստորանում նստած ամեն մեկն իրեն ինքնակոչ ռուսական ցար էր հայտարարում: «Ըստ էության, ինքնակոչությունը նույնպես սահմանադրական խախտում է»,- ասաց Գալուստ Սահակյանը:


Հնարավո՞ր է, որ ապագայում ձևավորվելիք կառավարության կազմավորման ժամանակ և, առհասարակ, բոլոր քայլերում արմատական փոփոխությունների մասին խոստացող իշխող կուսակցությունը հրապարակում հաստատված անձանց հրավիրի կոալիցիա:


«Կոալիցիա չեն հրավիրում, ընդամենը կոալիցիան կազմավորվում է, և հաղթող ուժի ծրագրերը վերջնական ներկայացվում են (նորընտիր կառավարության ծրագրի ԱԺ հաստատումը- Tert.am) և առաջարկներ են ստանում, որոնք, եթե լինեն, կքննարկենք»,- ասաց նա։


Ի պատասխան հարցի էլ՝ «Իսկ ինքներդ առաջարկներ չունե՞ք», Գալուստ Սահակյանն ասաց՝ «Բայց մենք ի՞նչ… մարդկանց առաջարկենք, ասենք՝ եկեք մեր ծրագրերն իրականացրե՞ք: Մանավանդ, որ չգիտենք ով ինչ ծրագիր ունի, ինչ է առաջարկում»:


Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով խոսելով հանդիպման արդյունքների մասին, ասել է, որ բացի Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունից հետաքրքրվելուց, քննարկվել են խնդիրներ՝ «այս բանավեճը լուծելու համար»։ 

 

ԱԺ նախագահն ասել է, որ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, և որ այդքանով հանդիպումը չի ավարտվել, և հետագայում էլի հանդիպումներ, հավանաբար, կլինեն։
 

«Ուղղակի, ես գտնում եմ, որ սա հարցի լուծում չի այս ձևաչափը, և ես ինքս մտահոգ եմ, որպեսզի այն խնդիրները և դժգոհությունները, որ կան Ազատության հրապարակում, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, պետք է լուծում տանք»,- ասել է Աբրահամյանը:
 

 

Կոնկրետ առաջարկությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է. «Թող սպասի, ես կոնկրետ առաջարկություններ չունեմ, որովհետև առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի, մեր թիմի բոլորի... խորհրդակցելու եմ, անպայման, խորհրդակցելու եմ»։


Գալուստ Սահակյանը կրկնեց, որ երեկ ուշ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստին քննարկվել են Սերժ Սարգսյանի մոսկովյան և բրյուսելյան այցերը, ավագանուն հետ կապված խնդիրներ:


Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ Ազատության հրապարակ-Րաֆֆի Հովհաննիսյան, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Դե մենք բոլոր տարբերակները ընդունելի ենք համարում, քանի խաղաղ է: Մարդիկ խաղաղ ցույցերով կարող են իրենց բողոքը արտահայտել, և դա մշտական երևույթ է ժողովրդավարության կանոնակարգային համակարգում»:


Ի պատասխան հարցի, թե ինչ ֆորսմաժորային իրադարձություններ կարող են լինել, եթե իր պահանջները չկատարելու դեպքում հացադուլից որևէ կերպ հետ չկանգնելու մասին հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունը կտրուկ վատանա կամ: «Նա բժիշկների հսկողության տակ է, և եթե շատ վատանա, բոլորի ցանկությունը կլինի, որ վերականգնի ուժերը, և դրան կնպաստենք»,- ասաց Գալուստ Սահակյանը: