Անգելա Մերկելը զգուշավորության կոչ է արել Սիրիային զենք մատակարարելու հարցում

01:08 • 16.03.13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր զգուշության կոչ է արել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն հանելու հարցում՝ նշելով, որ այդ քայլը կարող է պատասխան գործողությունների հանգեցնել Ռուսաստանի և Իրանի կողմից, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Ինչպես հայտնի է, Եվրոպական միության կողմից Սիրիային զենք մատակակարելու արգելքը հանելուն կողմ են հանդես գալիս Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:


Նշենք, որ այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյն ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները՝ տեղեկացրել է, որ իրենց չի հաջողվել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն վերացնելու հարցի շուրջ համաձայնության գալ։


Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է ԵՄ այլ երկրների հետ քննարկել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն հանելու հարցը։


Բրյուսելում, որտեղ անցնում էր ԵՄ գագաթնաժողովը, մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը նշել էր, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի էմբարգոն հանելու մղումը պարտադիր հրահանգ չէ մնացած 25 անդամ պետությունների համար:


«Այլ երկրների ներկայացուցիչները նշել են և, իմ կարծիքով, միանգամայն արդարացի հիմնավորել այն փաստը, որ Իրանը և Ռուսաստանը միայն նման ազդանշանի են սպասում, որ սկսեն զենք մատակարարել (Սիրիայի իշխանություններին)», - հայտարարել է Մերկելը: