Մոսկվայում հրաձգություն կազմակերպած 13 հայ է ձերբակալվել
Մոսկվայի ռեստորաններից մեկում 40 մարդու մասնակցությամբ փետրվարի 8-ին տեղի ունեցած հրաձգության 19 մասնակից է ձերբակալվել։ Նրանցից 13-ը հայեր են, տեղեկացնում է 1tv.ru կայքը։
Նրանց ձերբակալելու գործողությունը շարունակվել է մի քանի փուլով։ Նախ Մոսկվայի ոստիկանները տարբեր շրջաններում ձերբակալել են 13 հայի։ Նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութ և զենք։
Ավելի ուշ ձերբակալվել է ևս 6 կասկածյալ։
«Նրանք ակտիվ դիմադրություն են ցույց տվել, բարիկադներով արգելափակվել են բնակարանում։ Ոստիկանությունը ստիպված է եղել գրոհով գրավել բնակարանը։ Նրանց մոտ հրազեն և նռնակ է հայտնաբերվել։ Այս պահին գործողություններ են ձեռնարկվում նաև մյուս կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ»,-հաղորդել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ռեստորանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել էր մեկ մարդ, ով ևս ազգությամբ հայ էր։










