Վրաստանի կառավարությունը ԵԺԿ-ին կոչ է անում հարգել եվրոպական արժեքները

20:45 • 17.03.13

Ի պատասխան Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ մարտի 14-ին Բրյուսելում Վրաստանի հարցով ընդունված բանաձևի, Վրաստանի կառավարությունը տարածել է հայտարարություն, որում Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներին կոչ է անում հարգել եվրոպական արժեքները, հաղորդում է Грузия Online-ը:

 

Անցյալ շաբաթ ԵԺԿ-ն ընդունել էր հատուկ հռչակագիր Վրաստանի վերաբերյալ, որում նշվում էր, որ Վրաստանում դեմոկրատական զարգացման ճանապարհին հետընթաց է արձանագրվել: Նաև նշվում էր, որ Վրաստանի եվրոպական ուղղվածությունը հարցականի տակ է դրված, քանզի նոր կառավարությունը ջանում է փոխել այդ կուրսը:

 

 

Այսօր Վրաստանի կառավարությունը մտահոգություն է հայտնել հրապարակված հայտարարության տոնայնության և ԵԺԿ գործողությունների ծրագրի բովանդակության կապակցությամբ, որով Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը մեղադրվում է դեմոկրատական չափորոշիչներից շեղման և Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման համար:

 

Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սա լիովին նոր հայտարարություն է այն հարձակումների շարքից, որ իրականացնում են Եվրոպական ժողովրդական կուսակցության որոշ գործիչներ՝ ակնհայտ կուսակցական աջակցություն ցույց տալով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով դաժան պարտություն է կրել 2012թ պառլամենտական ընտրությունների ժամանակ:

 

Ակնհայտ է, որ Եվրապառլամենտում Սաակաշվիլիի դաշնակիցները առճակատման տակտիկա են որդեգրել, ինչը կարող է խաթարել իրականացումն այն նպատակների, որոնց պաշտպանությունը հենց Եվրապառլամենտի առաքելությունն է, և դա՝ ԵՄ Մարդու իրավունքների հարցերով պատվիրակ Թոմաս Համմերբերգի՝ բարեփոխումների իրականացման նպատակով կառավարությանն աջակցության տրամադրման մերժման ֆոնին:

 

Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջարկները ոչ այլ ինչ են, եթե ոչ «Ազգային շարժման» կողմից բարձրաձայնվող անհիմն մեղադրանքների թվարկում՝ նոր ձևակերպումներով: Սա նշանակում է, որ Ժողովրդական կուսակցությունը չի կարողանում ձևակերպել Վրաստանում ստեղծված իրավիճակի իր քաղաքական եզրահանգումները, որոնք խարսխված կլինեն հավուր պատշաճի ուսումնասիրված, մարդու իրավունքների վրա հիմնված, ոչ կուսակցական վերլուծության վրա»:

 

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ի հակադրություն վերոնշյալի, Եվրոպական Միության, Հյուսիսատլանտյան Դաշինքի և Եվրախորհրդի պաշտոնական ներկայացուցիչներն ըստ էության գոհունակություն են հայտնել իշխանությունների իրականացրած բարեփոխումների կապակցությամբ, ինչը նշանակում է նշանակալի առաջընթաց դեմոկրատական նորմերի ուղղությամբ, առավել ևս այն իրավիճակի ֆոնին, երբ մարդու իրավունքների երկրում խախտվում էին տարիներ շարունակ: