Շվեյցարուհու խմբակային բռնաբարության գործով 20 հնդիկ է ձերբակալվել
Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ շվեյցարուհի զբոսաշրջիկի բռնաբարության գործով 20 տղամարդու է ձերբակալել, հայտնում է FoxNews-ը: Նույն առնչությամբ Russia Today-ը հայտնում է, որ նրանցից 5-ը խոստովանել են հանցանքը:
Կենտրոնական Հնդկաստանում՝ Մադհյա Պրադեշ նահանգի Դաթիա շրջանում, իր ամուսնու հետ շրջող 39-ամյա շվեյցարուհին ուրբաթ օրը խմբակային (7-8 մարդ) բռնաբարության զոհ էր դարձել: Ամուսինը դաժան ծեծի էր ենթարկվել:
Հնդկաստանում Շվեյցարիայի դեսպանը խոսել է տուժած զույգի հետ, իսկ երկրի իշխանությունները, Interfax-ի փոխանցմամբ, պահանջել են անհապաղ հետաքննել գործը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 3 ամիս առաջ Հնդկաստանը ցնցել էր խմբակային բռնաբարության մեկ այլ դեպք, երբ բռնաբարության հետևանքով հնդիկ ուսանողուհին մահացել էր։










