Րաֆֆի Հովհաննիսյանը կսպասի ստվերային կառավարության շուրջ առաջարկներին (տեսանյութ)

19:01 • 17.03.13

Ազատության հրապարակում այսօր հրավիրված քաղաքացիական խորհրդի առաջին նիստի ավարտին ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հիշեցրեց, որ Ազատության հրապարակում ընթացող այս շարժումը մտնում է իր վճռորոշ հանգրվանի երկրորդ շաբաթը:


«Յուրաքանչյուր անցնող օր ու շաբաթ բերելու է հաղթանակի: Վստահ եմ, որ կհարցնեք, թե ինչպե՞ս եմ գնահատում այսօրվա անդրանիկ նիստի զեկուցողների առաջարկներ, հիմիկվանից ասեմ լրագրողներին, որ ես պատասխանելու եմ հարցերին վաղը՝ ժամը 12-ին»,– ասաց նա:


«Նվազագույնը նիստերի շարանը կգնա 10 օր, որի ավարտին կտամ իմ գնահատականը: Մինչ այդ կհավաքեմ առաջարկները, տեղեկատվությունները, գնահատականները, մեխանիզմները, անհատների անունները, կմարսեմ, ու նորից ձեզ հետ համախորհուրդ առաջ կգնանք այս հարցով»,- ասաց նա:



Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 17-ին քաղաքացիական խորհրդի հաջորդ նիստն է տեղի ունենալու, որը կներկայացնի Անդրիաս Ղուկասյանը, երեքշաբթի՝ Կարապետ Ռուբինյանը, չորեքշաբթի՝ Ժիրայր Սեֆիլյանը, հինգշաբթի՝ Արմեն Մարտիրոսյանը, ուրբաթ ժամը 6-ին տեղի կունենա հանրահավաք: Շաբաթ օրը ազատության հրապարակում տեղի կունենա ռոքի փառատոն «Էմփիրեյ» խմբի մասնակցությամբ:


«Սա մեր հրապարակն է և մենք տանելու ենք մեր պայքարը մինչև վերջ»: