«Բարևի հեղափոխությունն» ուղղորդված չէ արտասահմանից. Անդրիաս Ղուկասյան

13:42 • 18.03.13

«Բարևի հեղափոխությունը» ուղղորդված չէ արտասահմանից և դա է վկայում այն, որ արտասահմանյան ոչ մի ուժ չկանգնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: 


Նա նշեց, որ եթե մինչև ապրիլի 9-ը քաղաքական ուժերը չկարողանան հաղթահարել ճգնաժամը, ապա հանրությունը քաղաքացիական անհնազանդության դիմելու իրավասություն, իրավունք ու պարտականություն կունենա:


«Անհրաժեշտ է, որ քաղաքական գործիչները բացատրեն ժողովրդին, որ առանց բռնության, պահպանելով օրենքները, կարող են իրենց անհնազանդությունն արտահայտել: Հայաստանում գործում է քրեաօլիգարխիկ համակարգ, «քրեա» բառը իզուր չէ մատնանշված, ինչը նշանակում է, որ այդ համակարգը սահմանափակում չունի սեփական ժողովրդի դեմ ուժ գործադրելու, կիրառելու և քրեական այլ բաղադրիչներ կիրառելու դեմ»,- ասաց նա։


Անդրիաս Ղուկասյանը նաև նշեց, որ բախումների դեպքում պատասխանատվությունը կընկնի այն կողմի վրա, որն առաջինը կսկսի, բայց միաժամանակ ընդգծեց, որ իշխանությունը ներկա պարագայում ավելի շատ է պատասխանատվություն է կրում ամեն ինչ համար:


Նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ Մարտի 1–ի սցենարի կրկնության մտավախություն միշտ էլ կա և, բնականաբար, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց գործողությունները կազմակերպելիս պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը:


«Բայց վտանգի առկայությունը չի նշանակում, որ ժողովուրդը չպետք է երկրում օրինականություն հաստատելու իր պարտականությունները չիրականացնի: Դա այն հարցն է, որի համար հանրությունը պետք է վճարի, որ երկիրը ունենա սահմանադրական կարգ»,- ասաց նա։


Նախագահի նախկին թեկնածուն ավելացրեց, որ անհնազանդություն հայտնելու մի շարք եղանակներ կան, որոնցից մեկը հարկեր չմուծելն է: «Եթե հարկերը չվճարվեն, ռեժիմի կյանքը կդառնա կարճ: Այն կարողանում է պահպանել իրեն ի հաշիվ նրա, որ տնօրինում է պետության բյուջեն, ինչը թափանցիկ չի իրականացնում»,– ասաց նա:


«Նույն ռեժիմը ասում է, որ կոռուպցիոն խնդիրներ ունենք: Նախագահը խոսեց «ատկատների» մասին ու ասաց, որ «գլխից պետք է բռնել»։ Ու՞ր է այդ գլուխը: Ոչ մեկ չպատժվեց: Հետևաբար, հարկատուները իրավունք ունեն դադարեցնել իրենց պարտականությունները, մինչև որ չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը վստահ լինի, որ գումարները օգտագործվում են օրինական»,- ասաց նա:


Հարցին, թե կարող են համաձայնության գալ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, եթե վերջինս գա Ազատության հրապարակ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը արդեն իսկ մերժել է Րաֆֆիի բոլոր պահանջները: Ես կոմպրոմիսի համար դաշտ չեմ տեսնում, որովհետև էապես տարբեր են կողմերի պատկերացումը երկրի անհրաժեշտությունների մասին»,- ընդգծեց նա:


Անդրադառնալով Ազատության հրապարակում ստվերային կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ցանկացած իշխանություն ենթադրում է պատասխանատվություն:


«Եթե Ազատության հրապարակում այսօր կան մարդիկ, ովքեր ասում են, որ անհրաժեշտ է այդ պատասխանատվության նոր մարմիններ ստեղծել, ապա դա ևս խոսում է, որ քաղաքացիական անհնազանդությունը անհրաժեշտ քաղաքական պրոցես է մեր երկրում, սպասելի է ու հանրությունը ունի դրա պահանջը»,– եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը: