Սիրիայում զինված հակամարտությունը դեռ երկար կշարունակվի. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը, հավանաբար, դեռ շատ կձգձգվի, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ լիբանանյան As-Safir պարբերականին հղումով։
«Կռիվը երկար կշարունակվի, քանի որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, որին ի վիճակի չէ հաղթել ողջ աշխարհը։ Սակայն մեր վիճակը բարելավվել է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից»,-ասել է Սիրիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են ոչ զինյալ ընդդիմության հետ բանակցության։
«Մենք երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվի երկխոսությունից, սակայն մենք պետք է իմանանք՝ ում հետ ենք խոսում։ Ամեն օր մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ավելի է պառակտվում։ Թող նրանք համաձայնության գան, հետո կտեսնենք»,-ասել է Սիրիայի նախագահը։
Ավելի վաղ ՄԱԿ-ն իր մարդասիրական գործողությունների համակարգման վարչության հրապարակած զեկույցում նշել էր, որ Սիրիայի իշխանության ու ընդդիմության միջև շարունակվող հակամարտության պատճառով երկրում քաղաքացիների համար ապահով շրջաններ չեն մնացել, որտեղ հնարավոր կլիներ թաքնվել։










