Հարյուրավոր զինյալներ հատել են Սիրիայի հարավային սահմանը և շարժվում են դեպի Դամասկոս

11:43 • 18.03.13

Սիրիայում հակամարտության սկզբից 2 տարի անց արյունահեղությունների նոր ալիք է սպասվում, քանի որ դեպի Դամասկոս են ուղղվել հարյուրավոր զինյալներ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ սիրիացի ապստամբները պետք է անհապաղ օգնություն ստանան արտերկրից, հակառակ դեպքում սիրիական ճգնաժամում նախաձեռնողականությունը կանցնի «Ալ Կաիդային»։

 

Ավելի վաղ Դամասկոսը նախազգուշացրել էր, որ կարող է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գործող ապստամբների բազաներին, եթե Լիբանանը չուժեղացնի սահմանը, որը հատելով զինյալները մուտք են գործում Սիրիա։

 

Հաղորդվում էր նաև, որ Հորդանանից Լիբանան են անցել Իրաքում փորձված զինյալները, որոնք վարձկաններ են պատրաստում Լիբանանի ճամբարներում։

 

Վերջին շրջանում զինյալները հաճախ Սիրիա մուտք են գործում հենց Լիբանանի սահմանից։