Լոս Անջելեսում հայուհիները զենք են տարել դպրոց՝ «հարց լուծելու համար»
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում երկու հայուհու նկատմամբ մեղադրանք է ներկայացվել` տեղի միջնակարգ դպրոցներից մեկի տարածք զենք տանելու և 17-ամյա մի աշակերտուհու սպառնալու համար:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, դեպքը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի. ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ 37-ամյա Սոնա Կարիլոն, 41-ամյա Նորա Թաշչյանը և18-ամյա Գոհարիկ Թաշչյանը հրազենով Բերբանկ քաղաքի (Լոս Անջելեսի շրջան) դպրոց են գնացել` մի աշակերտուհու (անունը չի հաղորդվում) սպառնալու ու նրանից 500 դոլար պահանջելու համար:
Կայքի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի Չեթսվորդի շրջանի բնակիչ հայուհիներն ու նրանց ընկերուհին դպրոցականից այդ գումարը պահանջում էին ճանապարհատրանսպորտային մի պատահարի առնչությամբ: Պատահարը տեղի էր ունեցել օրեր առաջ, երբ Գոհարիկ Թաշչյանը և վերոնշյալ դպրոցականը (հաղորդվում է, որ նրանք ընեկերուհիներ են եղել) BMW մակնիշի ավտոմեքենայով (ավտոմեքենան ենթադրվում է, որ վերցրել էին վարձույթի սրահից) երթևեկում էին Գլենդեյլ քաղաքի փողոցներով: Ոստիկանության տվյալներով՝ մեքենայի ղեկին եղել է Գոհարիկը, դպրոցականը նստած է եղել կողքին: Գոհարիկը երթևեկի ժամանակ կորցրել է ղեկի կառավարումն ու հարվածել ճանապարհի եզրագոտուն, մեքենան վնասվել է:
Գոհարիկը տանը պատմել է, որ ինքը չի եղել ավտոմեքենայի ղեկին և որ իր ընկերուհին է պարտավոր վճարել վերանորոգման համար անհրաժեշտ 500 դոլարը: Լոս Անջելեսի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Գոհարիկն ու նրա մայրը դրանից հետո բջջային հաղորդագրություններ են ուղարկել աղջկան ու փորձել են սպառնալիքով կորզել այդ գումարը:
Դպրոցականն այդ ամենի մասին տեղյակ էր պահել ուսումնական հաստատության տնօրինությանն ու անվտանգության աշխատակիցներին: Հաղորդագրություններ ուղարկելուց օրեր անց Սոնա Քարիլոն, Նորա Թաշչյանը և Գոհարիկ Թաշչյանն ավտոմեքենայով գնացել են դպրոցի տարածք՝ «աշակերտոհուն տեսնելու»: Դպրոցի անվտանգության աշխատակիցները նկատել էին, թե կանանցից մեկը մեքենայից իջնելուց հետո ինչպես է ինչ-որ բան տեղադրում մեքենայի բեռնախցիկում: Կանայք ցանկացել էին դպրոց մտնել, անվտանգության աշխատակիցները, սակայն, թույլ չէին տվել: Նրանք րոպեներ անց պարզել էին, որ հենց այդ կանայք են սպառնացել իրենց աշակերտուհուն ու դիմել էին ոստիկանություն:
Զննության ժամանակ Նորա Թաշչյանի ավտոմեքենայում զենք էր հայտնաբերվել: Երկու հայուհիների ու նրանց ընկերուհու նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ դպրոցի տարածք զենք բերելու համար: Իսկ Գոհարիկի ու նրա մոր նկատմամբ մեկ այլ մեղադրանք էլ ներկայացվել է «ուրիշի կյանքին սպառանալու համար»: Հաղորդվում է, որ Նորա Թասչյանը գողության և ուրիշի կյանքին սպառնալու համար (թե կոնկրետ ինչ, չի հաղորդվում) նախկինում պատասխանատվության է ենթարկվել:
Գոհարիկը, ի տարբերություն մյուս կանանց, ոստիկանությունում խոստովանել է, որ հաղորդագրություններ են ուղարկել աշակերտուհուն, սակայն, հերքել է, թե դրանցում սպառնացել են նրան: Գոհարիկի խոսքով՝ իրենք պարզապես գումար են պահանջել նրանից:
«Հանցագործ եռյակը» դատարանի առջև կկանգնի մարտի 25-ին:










