Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

12:13 • 18.03.13

Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին (ԲՈՒԵ) ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ԲՈՒԵ Սուրբ Սինոդի պաշտոնական կայքը։

 

Այս տարի Բուլղարիան նշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բուլղարացի հրեաների փրկության 70-ամյակը։ Խորհրդարանը 1943թ. որոշում էր կայացրել արգելել նրանց արտաքսումը, չնայած «հրեական հարցի վերջնական որոշման» վերաբերյալ ֆաշիստական Գերմանիայի ճնշմանը։

 

«Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից հրեաների փրկության նախաձեռնողն ու հոգևոր շարժիչը Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին էր»,- նշվում է Սուրբ Սինոդի հաղորդագրությունում։

 

ԲՈՒԵ-ի բարձրագույն հոգևոր գործիչները որոշիչ դեր են խաղացել հրեական ազգային փոքրամասնության փրկության հարցում, քանի որ «ԲՈՒԵ-ն միակ ուղղափառ եկեղեցին էր, որը գտնվում էր Հիտլերի տարածքային հսկողության տակ»։

 

Եկեղեցին Խաղաղության Նոբելյան մրցանակին ներկայացնելու նախաձեռնությունը պատկանում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամ Լիչեզար Տոշևին։ Հեղինակավոր մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։