Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին երաշխավորեց, որ այլևս արյուն և «մարտի 1» չի լինելու (տարբերակ 2)

17:58 • 18.03.13

Ազատության հրապարակում այսօր մեկնարկել է քաղաքացիական խորհրդի երկրորդ նիստը, որը վարում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նիստի սկզբում հավաքվածների առջև խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանը և նշել, որ ինքն ուրախ է, որ բոլորը ազատ խոսքով հավաքվում են Ազատության հրապարակում: «Այսօր մենք կգումարենք քաղաքացիական խորհրդի երկրորդ նիստը: Մեր հիմնական նպատակն է, հնարավորություն տալ զեկուցողներին ուղիղ խոսքով. հարց ու պատասխանի ձևով ներկայացնել իրենց տեսակետները ապրիլի 9-ից բացվող նոր Հայաստանի ուղղության, կազմավորման, կառավարման և քաղաքականության մասին: Կարող է լինել տեսական կամ մանրամասներով»,-ասաց նա:


Անդրիաս Ղուկասյանը ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ նշեց, որ երբ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, ժողովուրդը կարող է իրականացրել ուղիղ իշխանություն և այդ անմիջական իշխանությունը ժողովուրդը իրականացնում է հանրաքվեների, քննարկումների, քաղաքացիական անհնազանդության միջոցով:


«Սա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գրված տեքստն է: Քաղաքացիական անհնազանդությունը առանց բռնության, խաղաղ անապարհով քաղաքացիների հայտարարությունն ու գործողությունն է, որ իրենք չեն համագործակցում անօրինական իշխանության հետ: Դա մեր բոլորիս իրավունքն է»,-ասաց նա:


Այնուհետև Ադրիաս Ղուկասյանը բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ապրիլի 9-ը: Նա նշեց, որ իր կարծիքով իսկական ընտրությունները մեր երկրում սկսվում են հիմա՝ ժողովուրդը պետք է ընտրի՝ ենթարկվում է ժողովրդի կողմից ընդունված որոշումներին, թե՝ անօրինական իշխանություններին:


«Այդ որոշումը ընդունելու օրը ապրիլի 9-ն է: Այդ օրը սկսում է կարևոր ժամանակաշրջան, որը կոչվում է անցումային: Դա այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացիական անհնազանդություն հայտնած ժողովուրդը պետք է անցնի մինչև նոր ընտրություններ՝ նոր սահմանադրական վիճակի հասնելու ու նոր իշխանություններ ձևավորելու: Ես գտնում եմ, որ մեր երկրում այսօր այն մարդը, որը որ կարող է ղեկավարել այն մարմինը, որը որ պիտի վերահսկի անցումային ժամանակաշրջանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-ասաց նա:


Անդրիաս Ղուկասյանը ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միակ քաղաքական գործիչն է, որը լեգիտիմ ճանապարհով ձեռք է բերել հանրության մեծագույն քվեն, որը կարող է ստանձնել երկրի կարևորագույն մարմինը:


«Ապրիլի 9-ին հանրության որոշումը պետք է լինի ուղիղ ժողովրդավարության արդյունքը: Անհրաժեշտ է, որ այդ օրը այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, որ ժողովրդի կողքին են, լինեն այստեղ:Եթե լինեն այնտեղ, իրենց հայտարարությունները ոչինչ չարժեն, ուրեմն հնազանդ ընդունում են իշխանությանը»,-ասաց նա:

 


19.48
Հայաստանի քաղաքական ուժերին Ազատության հրապարակ բերելը միայն Րաֆֆի Հովհաննիսյանի գործը չպետք է լինի,այլ պետք է լինի ժողովրդի պահանջը: Այն է՝ պետք է ասվի՝ «քաղաքական ուժեր, դե եկե՛ք, եթե մինչ այդ խոսում էիք ժողովրդի կողքին լինելու մասին»:


Անդրիաս Ղուկասյանը ավելացրեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք այդ օրը հրապարակում չեն լինի, անկախ նրանից՝ կգնա՞ն, թե չգնան Սերժ Սարգսյանի նախաձեռնած միջոցառմանը, տանը կմնան, բայց եթե չգան, դա ըստ Ղուկասյանի նույնն է ՝ չգալով նրանք ընդունում են, որ հնազանդ են ռեժիմին:


Առաջիկա քսան օրն այդ խնդիրը լուծելու համար, ըստ նրա, ողջամիտ ժամկետ է՝ մոբիլիզացնելու հանրության ուժերը:


Անդրիաս Ղուկասյանը լրագրողների խնդրանքով հավաքվածներին բացատրեց, թե ինչ է նշանակում քաղաքացիական անհնազանդություն, որի կողմնակիցն է:
Իսկ այդ անհնազանդության իրացման ձևերի հետ կապված նա գիտի տասնյակ եղանակներ, սակայն, ըստ նրա, ամենապարզ միջոցը հարկեր չվճարելն է:


Ըստ այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցողների՝ հարկեր չվճարելու պարագայում տուգանքների դեպքում մինչև ամսի 9-ը կստեղծվի կազմկոմիտեներ, և եթե ամբողջ հանրությունը որոշի, որ դադարեցնում է հարկ վճարել, յուրաքանչյուր հարկատուի կողքը «կանգնած կլինի ժողովուրդը»: Դրա համար պետք է ստեղծել կազմակերպչական կոմիտեներ:


Հարց հնչեց զինված ապստամբության մասին, որին ի պատասխան՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ժողովուրդը դրա իրավունքը ձեռք է բերում, երբ իր վրա հարձակվում են, իրեն գնդակահարում են:


«Անօրինական ռեժիմից ազատվելը ժողովրդի պարտականությունն է, այն ժողովրդի, որն իրեն չի կարող պաշտպանել, չի կարող որպես ազգ ներկայանալ միջազգային հարաբերություններում»,- ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածուն՝ հիշեցնելով, որ աշխարհի պետությունները ձևավորվել են այդկերպ՝ ներսում ապստամբությունների միջոցով պայքարելով, դրսի հետ՝ զենքով:


«Եվ հիմա հայ ժողովուրդն ունի նույն խնդիրը, մենք գտնվում ենք իրադարձության մեջ…. բայց եթե ռեժիմը բերի մարդկանց ու սկսի գնդակահարել ձեզ, գնա՞նք տուն»։ Մեր պարտականությունը կլինի՝ սկսել ապստամբությունը, թող ոչ մեկի մոտ չլինի հարց: Ժողովուրդը պարտավոր է իրեն պաշտպանել»,- ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը:


Ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ապրիլի 8-ին «Մեկ միլիոնանոց երթի» նախաձեռնողն է, հիշեցրեց, որ Մարտին Լյութեր Քինգը ԱՄՆ-ում մեկ միլիոն մարդու ստորագրությամբ երկիրը փրկեց ստրկությունից: «Նա հավաքվածներին պատմեց, որ նախորդ ընտրություններին իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին, և երկար ժամանակ պասիվ մնալուց հետո միացավ այս շարժմանը՝ լսելով Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթները, որը ոչ թե ասում է, թե ինքը ինչ պետք է անի, այլ պետք է անի այն, ինչ ասում է ժողովուրդը:


Եկե՛ք մի անգամ հավաքվենք մեր կյանքում, անկախ մեր կուսակցական, շարժումների պատկանելությունից, գնանք ասելու մեր «ոչ»-ը : Ես ինձ համարում եմ խաբված ընտրող և նախաձեռնեցի այս երթը, որ գնամ ասեմ՝«Դուք ինձ խաբեցիք, և միակ բարեփոխումը կարող է լինել, որ ձեր համակարգով հանդերձ հեռանաք»,-ասաց ռեժիսորը՝ հստակեցնելով, որ երթի մասին վերջնական որոշում և համաձայնություն դեռ ձեռք բերված չէ:


Ինքը՝ Արշակ Զաքարյանը կողմնակից է, որպեսզի երթը տեղի ունենա ոչ թե ապրիլի 9-ին, այլ 8-ին՝ հաշվի առնելով հայաստանյան ավանդույթները՝ ճանապարհների փակում, վախ, ահաբեկումներ, սպառնալիքներ»։


Քաղաքացիական բաց խորհրդի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը ամփոփեց բանախոսների ելույթները:
«Միշտ ազատ խոսքի պահանջը կա, և սահամանդրական պահանջը մենք պետք է իրականացնենք ամենուր:
Ողջունում եմ իրենց անկեղծությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կրկնելով, որ 10-րդ նիստի ավարտին իր ամբողջական գնահատականը կտա՝ վերլուծելուց և ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո:


Անդրադառնալով առաջարկին, որ ապրիլի 8-ը դառնա Սերժ Սարգսյանին «ոչ» ասելու միլիոնանոց երթի օր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկը վերջնական չէ: «Ես հետ չեմ կանգնելու իմ հավատամքից:
Ապրիլի 8-ին հարգելի կազմակերպիչները չեն կարող փոխարինել ապրիլի 9-ը և այդ օրը նոր Հայաստանի օծումը: Մեկը պետք է բերի մյուսին»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:


Նա ողջունեց Արշակ Զաքարյանի նախաձեռնությունը և ավելացրեց, որ այն միմիայն խաղաղ սահմանադրական ձևով պետք է իրականացվի: «Փետրվարի 18-ից հետո, երբ հայ ժողովուրդը որոշեց մեր ապագա ճանապարհը, ես ևս պատասխանատվություն եմ կրում յուրաքանչյուր քայլի համար»,- ասաց նա և ավելացրեց, որ գործող իշխանությունը, որի ժամկետը ավարտվում է, պետք է հնազանդվի հայ ժողովրդին:


Րաֆֆի Հովհաննիսյանը երաշխավորեց, որ այլևս արյուն և «մարտի 1» չի լինելու: «Ոչ մի կաթիլ արյուն չի լինելու, երաշխավորում եմ: Թվականը լինի 7, թե 10, ով հայ մարդու նկատմամբ ձեռք բարձրացրեց, հավասարապես պատասխան կտա օրենքի առջև:


Աստված չանի, որ մենք նորից տեսնենք «Մարտի 1»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե որևէ փորձ լինի, լինելու է դիմացի մայթից:


Ուղիղ միացումը՝ Civilnet.am-ի


Live broadcasting by Ustream