Ստվերային մարմինների ցանկը գաղափար է. Արմեն Մարտիրոսյան
Մենք ստվերային կառավարություն չունենք, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այլընտրանքային մարմինների ստեղծման համար Քաղաքացիական խորհրդի կողմից քննարկում, որն այս պահին գաղափար է:
Tert.am-ին ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ ի պատասխան մի շարք հարցերի, թե այդ մարմիններում ընդգրկվելիք անձանց առաջադրման, քննարկման և հաստատման սկզբունքների ներկայացումից հետո անխուսափելիորեն առաջանալու է անձերի խնդիր, և բացի այդ, տեխնիկապես ինչպե՞ս են պատկերացնում հաստատումը՝ հրապարակը պետք է քվեարկի, հաշվեն «կողմ» և «դեմ» ձայնե՞րը:
Հիշեցնենք, որ երեկ Քաղաքացիական ֆորումին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասել էր, որ պետք է փորձեն բարձրաձայնել կոնկրետ մարդկանց անուններ ու հնարավորության դեպքում ներկայացնել 100-300 անունների ցանկ ու հասկանալ հրապարակում հավաքված մարդկանց արձագանքը նրանց նկատմամբ:
Արմեն Մարտիրոսյանին հարցրինք սփյուռքից անուններ ևս լինելո՞ւ են , և որքանով է արդարացված սփյուռքի մասնակցությունը պետության ներքին գործերին։
Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան ասաց. «ՀՀ սահմանադրության համաձայն ոչ հայաստանցի քաղաքացիները միայն չեն կարող պատգամավոր և նախագահ լինել: Գործադիր մարմնում քաղաքացիության խնդիր դրված չէ: Ճիշտն ասած, չգիտեմ, չեմ ուսումնասիրել դատական մարմիններում կարո՞ղ են լինել»:
Իսկ հայաստանյան կառավարման համակարգում սփյուռքի մասնագետների ընդգրկմանը Արմեն Մարտիրոսյանը դրական է նայում:
«Ես ընդհանրապես այն կարծիքի եմ, որ սփյուռքի այդ կադրային զինանոցը պետք է ավելի լայն քննարկվի: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սա գաղափար է, որը քննարկման փուլում է և վերջնականապես իրականացված չէ»,- ասաց նա։










