Ստեփան Դեմիրճյանը ստվերային կառավարություն ստեղծելու գաղափարին կողմնակից չէ

17:04 • 18.03.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը տեղյակ է, որ երեկ Ազատության հրապարակում առաջարկել են նաև իր մասնակցությունը ստվերային կառավարության կազմում, բայց ստիպված է մերժել, քանի որ գաղափարին կողմնակից չէ: «Շնորհակալ եմ թեկնածության առաջարկման համար, բայց ես նման կառավարություն ստեղծելու կողմնակիցը չեմ, այսինքն` նման գաղափարի կողմնակից չեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Ազատության հրապարակում տեղի ունեցող զարգացումների մասին Ստեփան Դեմիրճյանը կանխատեսումներ չի ուզում անել, բայց մի բանում համոզված է:


«Կանխատեսումներ անել չեմ ուզում, բայց մի բան պետք է հասկանան այս իշխանությունները, որ ամեն կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, նպաստում է արտագաղթի աճին, խորացնում է հասարակության բարոյալքումը, և սա պետք է հասկանան և չկեղծեն»,- ասաց ՀԱԿ պատգամավորը և ավելացրեց, որ երբեք մարդիկ դուրս չեն գա բողոքի, եթե ժողովուրդը հավատար ընտրություների արդյունքներին:


«Բազմիցս եմ ասել, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն, որևէ քաղաքական ուժ չի կարող զանգվածային հանրահավաքներ կազմակերպել, եթե քաղաքացու ինքնասիրությունը վիրավորված չլինի»,- ասաց նա:


Ստեփան Դեմիրճյանը, բոլոր դեպքերում, ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու գաղափարը, համարում է, որ կարելի է քննարկել: «Այս կեղծված ընտրությունների բացասական հետևանքները կարելի է չեզոքացնել միայն նոր, արդար ընտրություններ անցկացնելով»,- ասաց նա:


Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Ստեփան Դեմիրճյանը նշեց, Հայաստանի ժողովրդական կուսակցության տեսակետը հստակ է: «Մենք նպատակահարմար էինք համարում մասնակցությունը միասնական ուժեղ ցուցակով, սակայն քանի որ դա տեղի չունեցավ, ՀԺԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբման մասին` Ժառանգություն, ՀԺԿ, ՀԱԿ, ՀՅԴ»,-եզրափակեց նա: