Իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում. Վարդան Բոստանջյան

13:11 • 18.03.13

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը հավատացած է, որ հետընտրական այս մեղմ միջոցներով իշխանափոխություն չի լինի, քանի որ, ըստ նրա, իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում:


«Դեռևս հայ մարդը դժվար է հասկանում, որ իշխանությունն, ըստ էության, նվաճվում է, դա բարդ գործընթաց է, բայց բարդ է նաև պահպանելը։ Եվ լիրիկական, պուրակային զեղումների կամ հացադուլի միջոցով իշխանություն երբեք չի մատուցվի սկուտեղի վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:


Նա նկատեց, որ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչվել են:


«Նրանց դոմինանտ ներկայացուցիչները շնորհավորել են, և դե յուրե տեղի ունեցած փաստ է, որ հասկանանք, որ սա է իրականությունը: Բայց հետընտրական դեգերումները կարող են, եթե ոչ մտահոգության, ապա գոնե այլ առիթներ տալ»,- ասաց նա և նշեց, որ չի կարծում, որ որևէ հետևանք լինի, քանի որ իրավական հիմքով կայացած են:


Վարդան Բոստանջյանը չէր ուզենա կոպիտ ընկալվել, բայց, ըստ նրա, ներկա գործընթացը իրեն հիշեցնում է վատ ներկայացում:


«Ցանկացած ներկայացում լավն է, որ նրա տակի սցենարը տրամաբանական է, հիմնավոր և խոցելիություն չունի, սա նման է ներկայացման և որպես դիտորդ կասեմ,որ այդքան էլ լավ ներկայացում չէ»,- ասաց նա: