Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի կյանքին բանտում վտանգ է սպառնում. հարազատներն անհանգիստ են

11:59 • 19.03.13

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի հարազատները կարծում են, որ Թբիլիսիի Գլդանիի թիվ 8 բանտում գտնվող նախկին նախարարի կյանքին վտանգ է սպառնում, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Նրա մերձավորներից և ընկերներից մի քանիսը գիշերն անցկացրել են բանտի մոտ և լրագրողներին պատմել են, որ Ախալայան և նրա գործով անցնող մարդկանց սպառնում են մյուս կալանավորները։


Նրանք նաև պնդում են, որ կալանավորները ծեծել են բանտապահներից մեկին, ով հանդես է եկել ի պաշտպանություն Ախալայայի։

 

Դեպքի վայրում գտնվել են նաև Պատժի կրման նախարարության և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։

Նրանք պարզաբանել են, որ Ախալայային սպառնում և վիրավորում են բանտի հակառակ հատվածից, սակայն հերքել են ծեծի դեպքը։


Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Ախալայայի և նրա կողմնակիցները հուսալիորեն պաշտպանված են, և նրանց անվտանգությունն ապահովված է, ինչպես «աշխարհում որևէ տեղ» չէր կարող լինել։