Կանադայում անդրադարձել են ԼՂ հակամարտության խնդրին
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մարտի 18-ին հանդիպել է Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին, ում հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր և ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանի և Կանադայի միջև առկա տնտեսական կապերին:
Այս կապակցությամբ դեսպան Եգանյանը կարևորել է կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում և կարծիք հայտնել, որ հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես` հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը:










