Մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը, բայց դեմ ենք երկխոսությանը` հրապարակներում. Է. Շարմազանով
Մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը, բայց դեմ ենք երկխոսությանը հրապարակներում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի հավելումն երեկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ տված հարցազրույցի, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ դու ներկայացնում ես քաղաքական կապրիզ, ու չունես փաստարկներ: Ընտրությունը պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզի, ընտրություն պահանջի ու Սերժ Սարգսյանն էլ միապետ չէ, որ ձեռքի մի հարվածով ինչ ուզի, անի: Ինչը չես համեմատի սահմանադրական հանրաքվեի հետ, որի առաջարկն արվել է Րաֆֆի Հովհաննիսյանին»,- շարունակեց նա:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի դիտարկմանը, թե գնա Ազատության հրապարակ սոված մարդու հետ ի՞նչ խոսի` Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ԶԼՄ-ները հատվածային են ներկայացրել Սերժ Սարգսյանի ասածը: «Ես ամբողջությամբ կարդացել եմ, և խոսքը դրա մասին չէ։ Սոված ասելով՝ նա նկատի ուներ հյուծված, երկխոսության համար: Նախագահը դրանից հետո շատ հստակ իր միտքը բացատրում է։ Հյուծված մարդու հետ, չեմ կարծում, որ հնարավոր է ամբողջական երկխոսություն, մանավանդ եթե դու քրիստոնյա մարդ ես: Այդ ենթատեքստում դա շատ նորմալ, քրիստոնյա մարդու խոսք էր»,- ասաց նա:










