Իրանի կողմից միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին երաշխիքների տրամադրումը կլուծի խնդիրը. Օբամա
ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին երաշխիքները՝ որպես իրանական խնդրում փոխզիջումային լուծում գտնելու հիմք։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«ԱՄՆ-ն նախընտրում է այս հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Եթե իրանցի առաջնորդները հայտարարում են, որ միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, ապա խնդրի խաղաղ կարգավորման համար հիմք կա։ Այդ լուծումն Իրանին հնարավորություն կտա խաղաղ ատոմ ունենալու և վերջնականապես կլուծի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր լուրջ հարցերը»,-ասված է Օբամայի հայտարարության մեջ, որն արել է առաջիկա Նովրուզի տոնի առթիվ։
Օբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն, որպես միջազգային հանրություն, պատրաստ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը՝ նման երաշխիքների առկայության դեպքում։ Նա նշել է, որ այս պահին նախաձեռնությունն Իրանի կառավարության ձեռքում է։
«Այժմ եկել է պահը, որ Իրանի կառավարությունը քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու համար և սկսի աշխատանքները՝ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Նման լուծում գտնելը մարտահրավեր է, բայց մենք կարող ենք դա անել, որպեսզի իրանցի ժողովուրդը հնարավորություն ստանա ամրապնդել կապերը, նաև առևտրային հարաբերություններ հաստատի այլ երկրների, ներառյալ՝ ԱՄՆ-ի հետ»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Արևմուտքի երկրներն ու Իսրայելն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ, չնայած Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես էլեկտրաէներգիայի արտադրությանը։










