Հռոմի պապը պաշտոնապես ստանձնեց Պապական գահը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանցիսկոս պապին (լուսանկարներ)
Լուսանկարը՝ Ժան Էքյանի
Վատիկանում ավարտվել է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությունը, տեղեկացնում է BBC-ն։
Նոր Պապի օծման արարողությանն ականատես է եղել մոտ 1 միլիոն մարդ, ովքեր հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում, ինչպես նաև միլիոնավոր հեռուստադիտողներ։
Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ կաթոլիկ հավատացյալներ հավաքվել էին Վատիկանի կենտրոնական հրապարակում և թափահարում էին իրենց ազգերի դրոշները։
Մինչ արարողության սկիզբը, Ֆրանցիսկոսը մեքենայով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով՝ ողջունելով հավատացյալներին, ապա նա մոտեցել է առաջին շարքերին, օրհնել հավաքվածներին։
Հռոմի պապի ուսերին է դրվել պապական թիկնոցը, հանձնվել է «ձկնորսի մատանին»՝ Հռոմի պապերի անփոխարինելի մատանին, որը խորհրդանշում է, որ պոնտիֆիկոսն առաջին պապ Պետրոս առաքյալի ժառանգն է, ով ի սկզբանե ձկնորս է եղել։
Գահակալության հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել աշխարհի 163 երկրների քաղաքական ու կրոնական առաջնորդներ, ովքեր մոտեցել և շնորհավորել են Հռոմի նոր պապին։ Նրան շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ փաստել է, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում։
Առաջին քաղաքական գործիչը, ում ընդունել է Պապը, եղել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները։ Նա հայտարարել է, որ խնդրել է Պապին միջնորդել Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև Ֆոլկլենդյան կղզիների (Մալվինյան) խնդրի լուծման գործում։
Ներկաների թվում եղել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։ Սակայն նախագահ Բարաք Օբաման չի մասնակցել՝ Իսրայել կատարելիք «կարևոր այցի» պատճառով։
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի կայքէջի










