Սուտ է այդ նախադասությունը, որ ասել եմ, որ չեմ հաղթել. Ր. Հովհաննիսյանը արձագանքել է Ս. Սարգսյանի հայտարարություններին (վիդեո)
Րաֆֆի Հովհաննիսյանը բնավ դառնացած չէ աշխարհից և բացարձակապես սով չի զգում: Այսօր Ազատության հրապարակում պատասխանելով երեկ՝ Սերժ Սարգսյանի՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին, որպես նախաբան, նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ՝ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության զորակցությամբ և վստահությամբ»,- որպես նախաբան ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ցավում է, որ Սերժ Սարգսյանին թվում է, թեպետ վիշտ է պատճառել, որ ինքը հարմար է գտել ծաղրել իր բարևը, իր ժպիտը, և ավելի վատ` ծաղրել ժողովրդի քվեն` արդեն մտնելով թվաբանական վերլուծությունների մեջ, թե քանի հոգի կա հրապարակում: «Ես ինքս էլ ունեմ տեսողության խնդիր, բայց չարժե այդքան իջնել 3000-ների մեջ»,- ասաց նա, ինչը ընդունվեց ծափերով:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Ազատության հրապարակում մարդկանց քանակը այսօր մոտ տասն անգամ քիչ է, քան հինգ տարի առաջ, երբ նրա խոսքով հավաքվում էր 30 000 մարդ, իսկ հիմա՝ մոտ 3000, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այն ժամանակ էլ շատ ավելի շատ էր և հիմա էլ, քան ասում է Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ասածից կարելի՞ է հասկանալ, որ եթե հրապարակում հարյուր հազար մարդ լինի, ապա ինքը «նեղություն կքաշի կգա» այցելության՝ տպավորվելով այդ թվով: Րաֆֆի հովհաննիսյանը հուսով է, որ սա չէր Սերժ Սարգսյանի ասածը, որովհետև հայ ժողովրդի հաղթանակը պաշարել է Բաղրամյան 26-ը։ «Մենք անպայման չէ, որ հրապարակում պիտի փաստենք մեր մեծաքանակ հաղթանակը։ Մենք ամեն տեղ ենք, փողոցներում, զբոսնելիս, ավտոբուս նստելիս, համերգ վայելելիս, շրջաններում լինելով, համալսարաններում։ Ամենուր է հաղթանակը»,- ասաց նա։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց, որ իրեն վերագրում է անպարկեշտ բառեր, հայհոյանքներ, գուցե, այն դեպքում, երբ գործող նախագահի կողմից է անպարկեշտություն փետրվարի 18-ի ժամանակ ձայների գողությունը, սուտը, կեղծիքը, շուտափույթ շնորհավորանքներ ընդունելն ու ստանալը՝ «շամպայնով, թե առանց շամպայնի»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միայն այն փաստը, որ իշխող կուսակցության նախագահի՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով քարոզչանյութը գտնվել է հանրային ու պետական շենքերի ներսում ու դրսում գտնվում էր հազարավոր պետական շենքերի վրա ինքնին ոչ միայն բավարար է, այլ հրամայաբար պետք է բերի այս երկրում ընտրությունների արդյունքների փոփոխմանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ «Մարթենսի երկրում» կամ զարգացած այլ երկրում այդ փաստը ինքնին բավարար կլիներ ընտրությունները համարելու ապօրինի, ու այլ խախտումների մասին խոսելու կարիք էլ չկա։
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ուրախությունը հայտնեց, որ այժմ իրենք գտնվում բաց, հրապարակային շրջափուլում։ «Բաց հասարակությունում ենք գտնվում և երկուսս էլ հաշվետու ենք մեր խոսքերի համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, վերջինիս կողմից խորհրդապահական բնույթի գաղտանազերծումներից հետո, ինչի համար Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ուրախ է:
«Սուտ է այդ նախադասությունը, որ ասել եմ, որ չեմ հաղթել»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և մանրամասնեց. «Ես ասել եմ, որ կեղծված են ընտրությունները, պարոն Սարգսյա՜ն, և ամենալավը Դուք գիտեք այդ մասին։ Ձեր թվաբանությունն իրականությանը չի համապատասխանում և դրա համար առաջարկում եմ, որ Ձեր լիազորությամբ բացեք բոլոր ընտրատուփերը և կտեսենեք, որ լցոնումներով հանդերձ որն է իրական արդյունքը»:
Բայց, որպեսզի այդ զրույցը լիներ փոխադարձ հարգանքի, այլ ոչ հռետորաբանության շրջանակում, Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է վերանալ այդ 58 տոկոսից: «Դուք ժամանակից շուտ ընդունեցիք և տվեցիք շնորհավորանքներ: Ես էլ ասել, որ իմն էլ չափազանցություն է, որ 80 տոկոսով հաղթեցի: Եվ ավելացրի, որ մենք յուրաքանչյուրս ներկայացնում ենք մեր միասնական, մեծ ժողովրդի զգալի հատվածները և ներկայացրեցի իմ առաջարկները»,- մանրամասնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սրանից հետո նա առաջարկել էր, որ Սերժ Սարգսյանը նշանակի երկրորդ փուլ, որպեսզի երկուսով, դեմ առ դեմ բանավեճ անեն՝ իրական կյանքում, թե հեռուստատեսությունում, և ոչ մեկն էլ իրեն չվերագրի վերջնական ճշմարտություն: Առաջարկը մերժվել է։ Ապա մերժվել է նրա մյուս առաջարկը, որ Սերժ Սարգսյանը մնա դե ֆակտո նախագահ, բայց մեկ տարվա ընթացքում ցրվի խորհրդարանը և անցկացվեն հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ սխալ է նաև Սերժ Սարգսյանի այն նախադասությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է և անգամ քննարկելէ Սերժ Սարգսյանի առաջարկած երրորդ ճանապարհը:
«Ոչ ինքը, ոչ ես, երբեք չենք քննարկել իմ մասնակցությունը իշխանության կազմում կառավարական որևէ աշխատանքում, և հենց ինքն է, որ համաձայնեց, որ, այո, դա սխալ է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Զրույցի ավարտին նա արձանագրել է, որ փաստորեն, Սերժ Սարգսյանը մերժել է իրեն և ուրեմն՝ օրակարգում կամ սեղանի վրա ոչ մի բան չկա: Ասաց նաև, որ ասել է, որ պարտավոր է ժողովրդին ներկայացնել իր արած առաջարկները, որոնք այլևս այդ մերժումներից հետո սպառված են և ուժի մեջ չեն:
«Ժառանգության» առաջնորդը հիշեցրեց, որ այդ հանդիպումից հետո նախագահի մամուլի ծառայություն այնպես էր դա ներկայացնում, ասես Րաֆֆի Հովհաննիսյանը ուզեցել է , որ հանդիպումը լինի փակ։ Ասաց, որ դա մոնտաժի արդյունք էր:
Նա նաև նշեց, որ Սերժ Սարգսյանից բաժանվելով որևէ պայմանավորվածություն չեն ունեցել, որ մեկը մյուսի փաստաթուղթ պետք է ուղարկեն:
Ազատության հրապարակ վերադառնալուց հետո պատմությունը հայտնի է. Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել հանդիպել, ոչ էլ իրեն է հրավիրել մինչև մարտի 10-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր հացադուլի մասին: Սրանից հետո զանգել է նախագահի աշխատակազմի ղեկավարը և Արմեն Մարտիրոսյանին փոխանցել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանը հրավիրում է նստավայր: Ինչին արձագանքը եղել է այն, որ ինքն արդեն Ազատության հրապարակում է և, ըստ այդմ՝ մերժվել է այն։
Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց, որ վճռորոշ պայքարի այս փուլում եղել են տարբեր միջնորդավորված առաջարկներ, որոնք վերաբերել են նրան, թե ինչպես կարող են կազմակերպել Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, ինչպես նաև Րաֆֆի Հովհանիսյանի դուրս գալը Ազատության հրապարակից: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ընդգծել է, որ իր համար ամենանախընտրելին Ազատության հրապարակն է և հանդիպումն էլ՝ ժողովրդի աչքի առաջ, ինչը կարող էր քաղաքական երկխոսության գեղեցիկ ավանդույթ դառնալ: Սրա նախադեպը «իռլանդական երկխոսությունն» էր:
Երեք-չորս օր միջնորդների գնալ-գալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն, ի վերջո, ասել է, որ կարող են նաև գրավոր հաղորդակցվել:
Ապա եղել է ԱԺ նախագահի այցը, երբ «Ժառանգության» առաջնորդը նրան ասել է, որ չի կարող միջնորդ կամ սուրհանդակ լինել՝ ասելով, որ չի ճանաչում, շնորհակալ է քաղաքավարական այցի համար, բայց դրանից այնկողմ, Հովիկ Աբրահամյանը դերակատարություն չունի։
Դրա հաջորդ օրը Հովիկ Աբրահամյանը զանգահարել է Արմեն Մարտիրոսյանին և նրան փոխանցել փակ ծրար։ Այն թվագրված է եղել մարտի 5-ով, թեև այդ օրը մարտի 16-ն էր, վրան էլ գրած է եղել՝ Ազգային ժողով: Այն իրենից ներկայացրել է ինչ-որ հուշագիր և վերաբերել է Սահմանադրական խորհուրդ ստեղծելու գաղափարին, որից երկու-երեք տարի անց պետք է անցկացվեին սահմանադրական բարեփոխումներ։ Ր. Հովհաննիսյանն այն համարեց որպես ծաղր և փշրանք՝ ժողովրդական զարթոնքի նկատմամբ, և ասաց, որ այն իր բովանդակությամբ կրկնել է փաստաթղթի այն տարբերակը, որը ԱԺ-ում փակ քննարկումների ժամանակ ԱԺ նախագահն առաջարկել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ով էլ այն մերժել է: Այս երկու էջանոց փաստաթղթի վրա էլ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը «իքս» է քաշել (և ոչ խաչ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել, քանի որ, ասաց, որ խաչը սուրբ է)։
ՐաՖֆի Հովհաննիսյանը ակնկալում է, որ այսքանից հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը պետք լինի բաց, թափանցիկ և ժողովրդի աչքի առաջ։ Նրա խոսքը ներկաները ողջունեցին ծափերով, ինչին հետևեց հարցուպատասխան:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը տպավորություն ունի, որ ինքը նրան ինչ-որ փաստաթուղթ է պարտք, ապա ուրբաթ օրը նախատեսված հանրահավաքին նա կընթերցի դա հրապարակավ և դրանից հետո այդ փաստաթուղթը կուղարկի նրան։
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի հասկանում, թե ինչ պահանջով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անում: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը հստակ հայտարարել է այդ մասին՝ հանուն համապետական լուծման: Դրանցից մեկն էլ այն է, որպեսզի Սահմանդրական դատարանը բավարարեր իր հայցը, ինչը տեղի չի ունեցել։ Իսկ եթե Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ չանի մինչև ապրիլի ինը, ապա Ազատության հրապարակում կորոշեն, թե նոր Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։










