Սիրիական «ժամանակավոր կառավարության» ղեկավար է ընտրվել ազգությամբ քուրդ Ղասան Հիտոն
Ստամբուլում (Թուրքիա) անցկացված Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի (ՀԸՈՒԱԿ) նիստում ընտրվել է Սիրիայի «ժամանակավոր կառավարության» ղեկավարը, ով կղեկավարի երկրի «ազատագրված շրջանները», հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ձայների մեծամասնությունը ստացել է 50-ամյա քուրդ Ղասան Հիտոն՝ բարձր տեխնոլոգիաների գծով մենեջեր Դալասից (ԱՄՆ, Տեխաս նահանգ), ով վերջերս տեղափոխվել է Թուրքիա, հայտնում է «Ալ Ջազիրա» ալիքը։
Հիտոն ծնվել է Դամասկոսում, սակայն ավելի քան 25 տարի ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է Ինդիանապոլիսի համալսարանը։ 2011թ. նա հիմնել է «Աշ-Շամ» հիմնադրամը, որը զբաղվում է Սիրիայի տուժած բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրմամբ։
Այսպես կոչված Սիրիական ազատ բանակի շտաբի պետ Սելիմ Իդրիսը, ելույթ ունենալով Ստամբուլում, հայտնել է ապստամբների՝ «ժամանակավոր կառավարությանը» ենթարկվելու պատրաստակամության մասին։ «Մենք ճանաչում ենք կոալիցիան և ապագա կաբինետն ընդունում ենք որպես Սիրիայի միակ օրինական իշխանությունը»,- նշել է գեներալը։










