ՄԱԿ-ը չի հաստատել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին լուրերը

23:35 • 19.03.13

ՄԱԿ-ը չի կարող հաստատել սիրիական ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու փաստը, երեքշաբթի օրը հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:


Ավելի վաղ Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնել էր, որ զինված ընդդիմությունը Հալեպի նահանգում քիմիական զենք է օգտագործել, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, որոնց մեծ մասը զինծառայողներ են: Բացի այդ, ևս 86 մարդ ստացել է վնասվածքներ: Սիրիական գրոհայինները հերքել են իշխանությունների մեղադրանքները և հայտարարել, որ հենց Սիրիայի բանակն է օգտագործել քիմիական զենքով «Սկադ» հրթիռներ:


«Իհարկե, մենք և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղյակ ենք այդ հայտարարությունների մասին, սակայն չենք կարող դրանք հաստատել»,-ասել է Նեսիրկին՝ հավելելով, որ քիմիական զենքի կիրառումը կլիներ մարդասիրական իրավունքների խախտում և կհանգեցներ հակամարտության խորացմանը:


Սիրիայի ԱԳՆ-ն 2012 թվականին Անվտանգության Խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հավաստիացրել էր, որ կառավարական ուժերը ոչ մի դեպքում քիմիական զենք չեն կիրառի: