Վաղը «Ժառանգությունը» կհրապարակի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը

14:05 • 20.03.13

Վաղը «Ժառանգությունը» կհրապարակի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած հրապարակային ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն կուսակցության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։


Իշխող «Հանրապետական» կուսակցության առաջնորդի՝ գործող նախագահի և ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյաների նման պետական այրերով Հայաստանը չի կարող դիմակայել առկա մարտահրավերներին: Հակադարձելով այս օրերին նշված շրջանակներից հնչած որոշ գնահատականներին՝ («Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել էր, որ ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմակիցների կողմից նրան երդվացնելու մեջ ինչ-որ սատանայական բան կա ) Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ «Ժառանգության» հասցեին արված բոլոր եզրույթները՝ «ինքնակոչ», «սատանայական «, «հեղաշրջում» ( օգտագործեց Սերժ Սարգսյանը) առաջին հերթին վերաբերում են հենց իրենց, քանի որ այս ամենը նախևառաջ բնութագրում է հենց իրենց գործողությունները, երբ փետրվարի 18-ին, ըստ Խուրշուդյանի՝ փորձ արեցին զավթել իշխանությունը:


Անդրադառնալով ՀՀԿ-ական շրջանակներից եկող խոսակցություններին, թե «Րաֆֆի Հովհաննիսյանի թեման փակված է», Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ժողովրդի համար «իրենց թեման փակված չէ», և որ «իրենց թեման լուծվելու է»՝ ժողովրդի կողմից:


«Ժառանգության» մամուլի խոսնակը, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ հանրապետության նախագահի շատ հայտարարություններ՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հանդիպման հետ, չեն համապատասխանում իրականությանը:


Նա հիշեցրեց, որ «համապետական լուծում» ասելով նկատի ունեն երկու բան, որ ընդունելի կլիներ. Սերժ Սարգսյանի հրաժարական կամ ստեղծված իրավիճակին համարժեք այլ համապետական լուծում: «Այդ համապետական լուծումը չի կարող լինել երկու տարի հետո սահմանադրական փոփոխությունների առաջարկ, դա կարող է լինել միայն դրա մասը»,-ավելացրեց նա:


Հիշեցնենք, որ այս հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մատնանշել էր հանրապետության մեկ երրորդին կառավարելու Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունը՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում:


Հովսեփ Խուրշուդյանը շատ տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ իրենց իսկ սահանադարական գործառույթներից օգտվելու հնարավորությունը «Ժառանգությանը» ներկայացվում է որպես առաջարկ:


Սակայն այո, կուսակցության խոսնակը համոզված է, որ իրենց նման հնարավորություն կընձեռվի, քանի որ «Ժառանգությունը» Երևանում հաղթելու է: Երևանի ավագանու ընտրությունների համար պայքարը համարվում է հիմնական քաղաքական պայքարի մի բաղկացուցիչ տարր:


Հովսեփ Խուրշուդյանը նաև ողջունելի համարեց նախագահական ընտրություններին չմասնակցած, բայց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների քայլը։ «Նախագահական ընտրություններով նրանք չհամարեցին, որ ինչ-որ մի բան հնարավոր է փոխել, բայց Երևանի ավագանու ընտրությունների դեպքում այդպես համարեցին, ինչը ողջունելի է»,- հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը՝ չբացառելով համագործակցությունը այդ քաղաքական ուժերի հետ, թեև միասնական ցուցակով հանդես գալու հարցը օրակարգից դուրս մնաց։
 

Տեսանյութը՝ Civilnet.am-ի


 

 

 

Վաղը «Ժառանգությունը» կհրապարակի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը