Համացանցը վերահսկման վտանգից կպաշտպանեն «կատուները»
Համացանցի պաշտպանության լիգայի ակտիվիստները գործարկում են ցանցային ազատության համար վտանգների մասին նախազգուշացնող համակարգ՝ լուսային ազդանշան, որը կվառվի երկնքում, ինչպես Բեթմենի մասին պատմող ֆիլմերում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Չղջիկի փոխարեն ակտիվիստները որոշել են օգտագործել կատվի կերպար, որը ուժեղ լուսարձակների շնորհիվ կերևա ամպերի վրա, իսկ պարզ եղանակի դեպքում՝ բարձր շենքերի պատերին:
IDL-ի մտահղացումն առաջացել էր 2012 թվականին, երբ համացանցի վերահսկման օրինագծերի դեմ կայացած բողոքի ցույցերը հաջողությամբ ավարտվեցին: IDL-ի նպատակն է ուսումնասիրել ցանցային ազատությանը սպառնացող վտանգները և կարգավորել ակտիվիստների գործունեությունը, որպեսզի միավորվեն անջատ գործող ինտերնետ ակտիվիստները:
Cat-ազդանշանի նպատակն է, որպեսզի ցանկացած գործողության դեմ միաձայն վերաբերմունք դրսևորվի: Ենթադրվում է, որ այն ժամանակ, երբ կվառվի ազդանշանը, համացանցի բոլոր օգտատերերը պետք է իրենց հասանելի ռեսուրսներում բողոքեն դրա դեմ:
Բացի այդ որոշ ակտիվիստների կայքերում կհայտնվեն վտանգի մասին հաղորդագրություններ, եթե սկսի գործել cat-ազդանշանը:
Առաջին լուսարձակը գործարկվել է Սան-Ֆրանցիսկոյում: Ըստ IDL-ի, նման լուսարձակներ կտեղադրվեն նաև այլ քաղաքներում:










