Այսօր լրանում է Իրաք ամերիկյան զորքերի ներխուժման 10 տարին

12:06 • 20.03.13

Ուղիղ տասը տարի առաջ այս օրն ԱՄՆ-ի զորքերը ներխուժեցին Իրաքի տարածք. ռազմական գործողությունն այս երկրում սկսվեց 2003թ. մարտի 20-ի առավոտյան, հայտնում է Корреспондент-ը։

 

Այս օրը լրացավ Սադամ Հուսեյնին և նրա որդիներին ներկայացված վերջնագիրը, որով առաջարկվում էր լքել երկիրը։ Այն կրում էր «Իրաքյան ազատություն» գաղտնի անվանումը։

 

Պատերազմի մեկուկես ամսվա ընթացքում կոալիցիան՝ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները, կրեց կորուստներ՝ 172 զոհ (139 ամերիկացի և 33 բրիտանացի)։ Այդ նույն ժամանակահատվածում իրաքյան կորուստների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չկան։

 

Յոթ տարի տևած մարտական գործողություններից հետո՝ 2010-ի օգոստոսի սկզբին, ամերիկյան հիմնական զորակազմը դուրս բերվեց Իրաքից, և երկրում մնաց մոտ 50.000 զինծառայող՝ իրաքյան իրավապահներին աջակցելու և ուսուցանելու նպատակով։

 

2010թ.-ի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարեց «Իրաքյան ազատություն» օպերացիայի պաշտոնական ավարտի և  «Նոր լուսաբաց» գաղտնի անվանումով ոչ մարտական օպերացիայի մեկնարկի մասին։

 

2011թ.-ի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ն իջեցրեց Բաղդադում Զինված ուժերի դրոշը՝ խորհրդանշական կերպով ավարտելով Իրաքում ռազմարշավը։