Ճապոնուհին միջնակարգ դպրոցի ավարտական վկայական է ստացել 81 տարեկանում

10:31 • 20.03.13

Ճապոնիայի Կավագուտի քաղաքի 81-ամյա բնակչուհի Ռիցուկո Կենմոկուին կարելի է համարել նպատակասլացության վառ օրինակ, քանի որ նա այդ տարիքում իրականացրել է իր ամբողջ կյանքի երազանքը՝ ստացել է միջնակարգ դպրոցի ավարտական վկայական, հայտնում է newsru.com-ը։


Մեծահասակ դպրոցականը չի պատրաստվում կանգ առնել. արդեն ապրիլին նա կսկսի հաճախել ավագ դպրոց։

 

Կենմոկուն ծնվել է 1931թ. և մանկուց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտելիքների հանդեպ։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Պատերազմից հետո նա ամուսնացել է և ունեցել երեք երեխա։ Ինչպես պատմում է Կենմոկուն, այն ժամանակ նա շատ էր անհանգստանում և տխրում, որ չի կարող օգնել իր երեխաներին ուսման հարցում։

 

Եվ ահա 3 տարի առաջ նա որոշում է կայացրել ստանալ միջնակարգ կրթություն։ Հետաքրքիր է, որ նա վկայական է ստացել իր թոռնիկի հետ միևնույն օրը։