Առաջին անգամ ներկայացվել են Ծիր Կաթին գալակտիկայի ամենաերիտասարդ աստղերի լուսանկարները
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետներին Հերշել (Herschel) նոր աստղադիտակի միջոցով հաջողվել է ստանալ Ծիր Կաթին գալակտիկայի ամենաերիտասարդ աստղերի բազմագույն լուսանկարները։
Ինչպես նշում է Daily Mail-ը, հայտնաբերված «նորածին» աստղերը գտնվում են Օրիոնի համաստեղությունում, որտեղ աստղագետները նախկինում ևս փորձել են գտնել նորահայտ աստղեր։
Սակայն, ի տարբերություն մյուս աստղադիտակների, Հերշելին հաջողվել է գերզգայուն ինֆրակարմիր տեսախցիկի միջոցով հայտնաբերել նման աստղեր։ Տիեզերական չափորոշիչների համաձայն՝ այս 15 աստղերը կարելի է «նորածին» կոչել, քանի որ դրանց տարիքը կազմում է 25 հազար տարի։ Համեմատության համար պարբերականը նշում է, որ մեր Արեգակնային համակարգը ստեղծվել է 4,6 մլրդ տարի առաջ։










