Կարող են Տիգրան Սարգսյանին հռչակել ցմահ վարչապետ.Նաիրա Զոհրաբյան
Եթե իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա առաջնորդին գոհացնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ապա դա իրենց գործն է և կարող են չփոփոխել կառավարությունն ու վարչապետին:
Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես հասկանալ, որ ԲՀԿ-ն Տիգրան Սարգսյանի պատճառով կոալիցիա չմտավ, սակայն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանն ակնարկեց, որ կառավարության ղեկավարի փոփոխություն չի լինելու:
«Եթե իրենք գտնում են, որ տարվող խայտառակ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որը երկիրը կանգնեցրել է ուղղակի աղետի առջև, տնտեսական փակուղու առջև գոհացուցիչ ցուցանիշներ են և եթե հավատում են իրենց, իսկ հրապարակած 7 տոկոսանոց տնտեսական աճին, որը ռեալ առարկայականորեն չի արտացոլվում Հայաստանի քաղաքացու կենսամակարդակի վրա, այլ ընդամենը թվեր են, սովորական փուչիկ, որի տակ քաղաքացու բարեկեցություն չկա, եթե դա համարում են բավարար, ապա «Բարգավաճ Հայաստանը» ասել է, որ կարող են սահմանադրական փոփոխություններով վարչապետի պաշտոնը անվանական կցել Տիգրան Սարգսյանին: Եվ Տիգրան Սարգսյանին հռչակել ցմահ վարչապետ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ նախագահի ելույթի միայն որոշ հատվածների է հասցրել ծանոթանալ, բայց եթե նման մեսիջ եղել է, ապա դա բացառապես իշխող ուժի գործն է և իրավունքը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի դնում, որևէ մեկի, անձի դեմ խնդիր չունեն, բայց ունեն գերխնդիր, որ երկրի տնտեսությունը զարգանա ճիշտ ուղով:
«Այս կառավարությունն, այս վարչապետը երկիրը տարել են փակուղի: Սա է մեր գնահատականը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հեգնանքով նշելով, որ ավելին՝ եթե իրենց գոհացնում է վիճակը, ապա կարող են անգամ ««Մշակութային պահպանության մասին օրենքում» անել համապատասխան փոփոխություն և այս կառավարությանը հռչակել մշակութային անանցանելի ժառանգություն և պահել ընդմիշտ»:
Հարցին, թե հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին մշտապես կողմ արտահայտող ԲՀԿ-ն պասիվ է և երեկ օրինակ՝ երբ Ազատության հրապարակում Քաղաքացիական բաց ֆորումը քննարկում էր սահմանադրական փոփոխությունները, Նաիրա Զոհրաբյանն իր անհամաձայնությունը հայտնեց:
«Բացարձակ պասիվություն չկա, այսօր ես Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու եմ հնարավոր արտահերթ նիստի վերաբերյալ մեր պատկերացումները, որի առանցքային հիմնահարցերից մեկը Ընտրական օրենսգրքի օր առաջ բարելավումն է՝ առաջնային հիմք ընդունելով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, սահմանադրական փոփոխությունների խումբ ձևավորելը և բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք հենց հիմա պատրաստվում եմ ներկայացնել ԱԺ նախագահին»,– ասաց նա:
Նշենք, որ երեկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունները ԱԺ նախագահի մոտ քննարկել են արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Հիշեցնենք, որ երբ նախորդ քառօրյային խորհրդարանական ընդդիմությունն սկսեց հայտարարություն անել կեղծված ընտրությունների մասին, ԱԺ նախագահն առաջարկեց «մի հատ քննարկել հետընտրական վիճակը», ինչից հետո առաջարկներ հնչեցին, որ դա լինի արտահերթ նիստի տեսքով: Ապա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ընդունեց առաջարկը, և սրանից հետո Հովիկ Աբրահամյանի մոտ փակ հանդիպումների շարք եղավ:
Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կողմերի դիրքորոշումներն անհամատեղելի են, իսկ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին բացահայտեց, որ Սերժ Սարգսյանի՝ գրավոր իրեն հանձնած սահմանադրական բարեփոխումների առաջարկը հենց այն տարբերակն էր, որը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մերժել էր Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպումների ժամանակ:










