ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստ են հրամանի դեպքում գործողություն իրականացնել Սիրիայում
ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում Սիրիայում գործողություն իրականացնել՝ լիբիական օրինակով: Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գեներալ Ջեյմս Ստավրիդիսը։
«Ինչպես գիտենք, իրավիճակը Սիրիայում շարունակում է վատանալ։ (2-ամյա հակամարտության ընթացքում-Tert.am) Սպանվել է 70 հազար մարդ, 1 միլիոնը ստիպված է եղել լքել երկիրը, մոտ 2.5 մլն մարդ էլ՝ թողնել իր տունը։ Քաղաքացիական դաժան պատերազմի ավարտը դեռ չի երևում։ Այնպես որ դաշինքը նման դիրքորոշում է ընդունել. շարժվել այն հերթականությամբ, ինչպես Լիբիայի դեպքում»,-ասել է Ստավրիդիսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Զինված ուժերի հանձնաժողովում։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն այժմ կենտրոնացել է Սիրիայի հետ սահմանի պաշտպանության վրա և այդ նպատակով տեղակայել է «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգերը։
«Մենք գործողությունների լայն շրջանակ ենք քննարկում և պատրաստ ենք գործել այնպես, ինչպես տեղի ունեցավ Լիբիայի դեպքում»,-ասել է Ստավրիդիսը։










