Րաֆֆի Հովհաննիսյանի մայրն այցելեց որդուն (տեսանյութ)

16:41 • 20.03.13

Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելեց իր մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան–Հովհաննիսյանը, ով ԱՄՆ–ից այսօր է ժամանել Հայաստան։


Տիկնոջ մուտքն Ազատության հրապարակ ուղեկցվեց ծափահարություններով, և Րաֆֆի Հովհաննիսյանին մշտապես տեսակցելու եկած մարդիկ շնորհակալություն հայտնեցին նրան, որ իրենց Հովհաննիսյանի նման որդի է պարգևել։ «Րաֆֆու նման մի 10 տղա ունենայիք էլի», «Դուք մեր բոլորի մայրն եք». նմանատիպ արտահայտություններ հնչեցին ներկաների կողմից։


Տիկին Վարդիթերին ծաղիկներ նվիրեցին։ Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ նրա մայրը որդուն ողջունելուց հետո շրջեց մարդկանց մեջ, բարևեց հանդիպածներին, համբուրեց շատերին և մաղթեց հաջողություն։


Այսօր Հովհաննիսյանին Մասիս սարից մի փոքր մասունք նվիրեցին։ Վերջինիս փոխանցմամբ՝ նվիրողները Քերոբյան ընտանիքի անդամներն էին։ Հովհաննիսյանը քարը վերցրեց և շրջեց ժողովրդի մեջ՝ թույլ տալով բոլորին հերթով ձեռք տալ քարին։