Սմարթֆոնների նոր հավելվածն օգնում է վերջ տալ ծխելու սովորությանը
Շատերի համար գաղտնիք չէ, որ ծխելու վնասակար սովորությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու մաշկի վրա։ Սմարթֆոնների համար նախատեսված նոր հավելվածը մանրակրկիտ կերպով ցուցադրում է, թե ինչպիսի տեսք կունենա կանոնավոր կերպով ծխախոտ օգտագործող մարդը 10 տարի անց։
Ինչպես նշում է Meddaily-ն, Smoking Time Machine կոչվող հավելվածի հիմնական նպատակն է առողջ ապրելակերպի քարոզչությունը հատկապես երիտասարդության շրջանում։ Հավելվածի հեղինակների կարծիքով՝ այն առավել շատ կազդի կանանց վրա, քանի որ նրանք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի շատ են մտահոգված իրենց արտաքինով։
Հավելվածը ցույց է տալիս, թե որքան խորը կլինեն կնճիռներն աչքերի, բերանի շուրջ և թե որքան անառողջ մուգ գույն կստանա դեմքի մաշկը։ Smoking Time Machine-ի ստեղծողները նշել են, որ ծխելու սովորությունից հրաժարվելու համար տգեղանալու վտանգն ավելի համոզիչ պատճառ կարող է լինել, քան թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։
Հավելվածը գործում է հետևյալ կերպ. ծխողն իր նկարը ներբեռնում է հեռախոսի մեջ, իսկ որոշ ժամանակ անց մարդը ստանում է հավելվածի կողմից «մշակված» ապագայի լուսանկարը։ Հավելվածը կարելի է ձեռք բերել iTunes–ում և Android Play-ում։










