Օբամայի «Գազան» լիմուզինը չի աշխատել Իսրայելում (թարմացված)

18:22 • 20.03.13

Այսօր կեսօրին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել է Իսրայել. նրա օդանավը վայրէջք է կատարել Բեն-Գուրիոնի միջազգային օդանավակայանում: Իսրայելական մամուլը րոպեի ճշգրտությամբ հայտնում է Օբամայի այցի մանրամասները, ինչպես նաև՝ զավեշտալի կամ հիշարժան միջադեպերը:

 

Ըստ Jewish Times-ի՝ Օբաման այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսել է նաև եբրայերենով՝ ասելով, որ իրեն հաճելի է լինել Իսրայելում:

 

Իսրայելի տարածքում նա, ըստ ծրագրվածի, պետք է շրջեր իր լիմուզինով, որը հայտնի է The Beast («Գազան») անվանումով: Վերջինս բեռնատար օդանավով Իսրայել էր բերվել Օբամայի այցի նախօրեին: Սակայն արդեն Իսրայելում մեքենան չեն կարողացել գործի գցել: Այդ պատճառով Իսրայելի իշխանությունները ստիպված են եղել նմանատիպ լիմուզին բերել հարևան Հորդանանի Թագավորությունից:

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Իսրայելում չի գտնվել «Գազանի» նման լավ պաշտպանված մեկ այլ մեքենա:

 

Այլ զվարճալի լուրերի շարքից Ynetnews-ը նշում է հետևյալը. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Օբամային ասել է, թե իր համար դնովի բեղ է նախապատրաստել և սրճարանների ցուցակ, որտեղ կարելի է գնալ: Նեթանյահուն ակնարկել է Օբամայի հարցազրույցը, որում նա ասել է, թե ցավում է, որ չի կարող սրճարաններ գնալ Իսրայելում և շփվել հասարակ հրեաների հետ:

Օբաման Իսրայելում կլինի 3 օր:
 

 


18:59

 

Russia Today-ի փոխանցմամբ, գազանի խափանվելու պատճառը եղել է այն, որ բենզինի փոխարեն մեքենան դիզելային վառելիք են լցրել, ընդ որում՝ դա թույլ են տվել հենց Օբամայի հսկիչները: